Նորարարությունն այլընտրանք չունի. կայացավ «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ` կենտրոնում» ֆորումը
Հանրային ոլորտում նորարարների ջանքերն ու ձեռքբերումները գնահատելու, ոլորտի հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումները քննարկելու, փոփոխություններ նախաձեռնելու նպատակով կայացավ «Նորարարությունը՝ գործնականում, մարդիկ` կենտրոնում» հանրային ոլորտի նորարարության ֆորումը:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ողջույնի խոսքով դիմեցին ներկաներին՝ ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի, կրթական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների ու հանրային ոլորտի նորարարներին:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր ելույթում անդրադարձավ ֆորումի կազմակերպիչ «Կայուն զարգացման նպատակներ» նորարարական կենտրոնի գործունեությանը. «Տեղյակ եմ, թե ինչով է զբաղվել կենտրոնը: Եղել եմ կենտրոնում և մանրամասն ծանոթացել եմ աշխատանքներին: Այն մարդիկ, որոնք աշխատում են կենտրոնում, իրենց աշխատանքի փորձից ելնելով՝ խնդիր են դրել ավելի մոտենալ նորարական մոտեցումներին: Մեր առօրյայում, շատ դեպքերում զբաղված լինելով մեր աշխատանքով, մոռանում ենք, ուշադրություն չենք դարձնում, որ կյանքն արագ փոխում է, և դրա հետ մեկտեղ նորարարական մոտեցումների ներդրումն ու դրանց կարիքը շատ ավելի է զգացվում: Կենտրոնի 5 տարիների ուսումնասիրությունները մեր առօրյայում կարևոր և կիրառելի դեր են խաղում»,- նշեց ՀՀ նախագահը:
«Այսօր մենք նշում ենք այս գործընկերության հինգ տարին, որի արդյունքում կերտվել է նորարարական ծրագրեր իրականացնելու տպավորիչ փորձառություն: Այն նշանավորվել է բազմաթիվ պետական գործընկերների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ, և ամենակարևորը, հանգեցրել է զարգացող երկրի միջավայրում նորարարության կիրառման արդյունքում ստացված ուսումնառության ու գիտելիքի զարգացմանը: Այս ամենը Հայաստանում հնարավոր է դարձել միայն Կառավարության գործընկերների հետևողական աջակցության շնորհիվ։ Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում դոնոր կազմակերպություններին, որոնք վստահել են մեզ՝ ֆինանսական միջոցներն ուղղորդելով հանրային քաղաքականության նորարարություններին՝ փորձարկելու ավելի ճկուն ու նորարար մոտեցումներ»,- նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Վերջինիս խոսքով՝ անհստակության մեջ կողմնորոշվելու և անորոշության պայմաններում զարգանալու համար կարևոր է վերաիմաստավորել նորարարական էկոհամակարգը՝ կամրջելով տարբեր ոլորտներ՝ ներառյալ պետական և մասնավոր հատվածները, և մեծացնելով նոր համակարգեր ստեղծելու կոլեկտիվ կարողությունները բարդ խնդիրներին արձագանքելու համար:
«Դեռևս տարեսկզբին ՀՀ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ դրեց Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի առանցքում մարդկային կապիտալի զարգացումն ու իրացումն է գիտելիքի ու ստեղծարարության խթանման միջոցով: Այս ուղենշումը պատահական չէ. տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերի և միջամտությունների արդյունքում մեր հենման կետը հենց անհատի կարողությունն ու նրա զարգացումն է շարունակական կրթության միջոցով։ Այս ճանապարհին նորարարությունը բովանդակային առաջընթացի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու կարևորագույն նախապայմանն է»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց՝ 2021- 2025 թվականների թվայնացման ռազմավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջատար դերը թվային փոխակերպման գործում՝ նպատակ ունենալով խթանել տվյալահենք, արդյունավետ և թափանցիկ կառավարումը:
«Նորարարությունն այլընտրանք չունի, և բոլոր ոլորտներում դրա տարածումն այսօրվա հրամայականն է։ Դա դժվար ճանապարհ է, որը պահանջում է մարդակենտրոն, փաստահեն և ճկուն քաղաքականություններ և մասնավոր ու պետական հատվածների սերտ համագործակցություն: Եվ հենց այստեղ է, որ նորարարական փորձառության նկատմամբ նման եռանդ ունեցող մասնագետները, այսօր այս սենյակում բոլոր հավաքվածները պետք է մտնեն խաղի մեջ: Կարևոր է, որ մենք առաջնորդենք գործընթացը և պատասխանատվություն կրենք նորարարության տարածման համար»,- ասաց նա: