Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի դատարանն արգելել է Շոտլանդիայի կառավարությանը անկախության հանրաքվե անցկացնել

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը վճռել է, որ Շոտլանդիայի կառավարությունը չի կարող միակողմանիորեն երկրորդ հանրաքվե անցկացնել Միացյալ Թագավորությունից անջատվելու վերաբերյալ, փոխանցում է  CNN-ը:

Շոտլանդիայի ազգային կուսակցությունը փորձում էր հաջորդ հոկտեմբերին հանրաքվե անցկացնել, սակայն դատարանը միաձայն մերժել է այդ հայտը, քանի որ հանրաքվեի անցկացումը հավանության չի արժանացել Բրիտանիայի խորհրդարանի կողմից:

Շոտլանդիան վերջին անգամ քվեարկություն է անցկացրել 2014 թվականին՝ Բրիտանիայի խորհրդարանի հավանությամբ: Շոտլանդացիները ձայների 55%-45% հարաբերակցությամբ մերժեցին Միացյալ Թագավորությունից անկախանալու գաղափարը:

Անկախության կողմնակից Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդները խոստացել են շոտլանդացի ընտրողներին քվեարկելու ևս մեկ հնարավորություն տալ, հատկապես այն բանից հետո, երբ 2016 թվականին Մեծ Բրիտանիան քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին:

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը հայտնել է, որ հարգում է դատարանի որոշումը՝ չնայած հիասթափված է:

«Օրենքը, որը Շոտլանդիային թույլ չի տալիս ընտրել մեր սեփական ապագան առանց Վեսթմինսթերի համաձայնության, ցույց է տալիս, որ առասպել է գաղափարը, թե Միացյալ Թագավորությունը կամավոր գործընկերություն է, և ապացուցում է, որ անկախության անհրաժեշտություն կա», – գրել է Սթերջենն իր «Twitter»-ի էջում:

Անգլիան և Շոտլանդիան քաղաքական միության մեջ միավորվել են 1707 թվականից, սակայն, CNN-ի պնդմամբ, շոտլանդացիներից շատերը դա համարում են միակողմանի հարաբերություն, որտեղ գերիշխում է Անգլիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս