Զրո կրեատիվություն. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության էժանագին «կռուտիտը»
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ նոյեմբերի լույս 16-ի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանում ՍԷԿՏ-ը փակելու, այսինքն՝ երկրից նրա ելքն արգելելու ոդիսականը խոստանում է լինել տարվա զավեշտը:
Պաշտոնական մեկնաբանությունն այն էր եղել, որ Արմեն Աշոտյանն ինչ-որ քրեական գործով մեղադրյալ է, մինչդեռ ինքը պնդում է՝ որևէ գործով այդ պահի դրությամբ իրեն մեղադրանք առաջադրված չի եղել:
168.am-ը հանգամանորեն անդրադարձել է այս թեմայի մանրամասներին և փորձելով հասկանալ՝ այնուամենայնիվ, մեղադրանք ՀՀԿ փոխնախագահին առաջադրված եղե՞լ է, թե՞ ոչ, նաև հարցումներ է ուղարկել իրավասու պետական մարմիններ՝ ՀՀ Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ: ՄԻՊ-ը, ի դեպ, նույնպես հարցումներ է ուղարկել պետական մարմիններ, և ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ սպասում է պատասխաններին, որպեսզի գործընթացի վերաբերյալ եզրակացության հանգի, և, որ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ից ելքի արգելքի հարցը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո է:
Արմեն Աշոտյանի՝ երկրից ելքն արգելելու օրը նա ասուլիս հրավիրեց, որտեղ հայտարարեց, որ վստահ է՝ իրեն հիմա հետին թվով մեղադրանք են գրում: Նույն երեկոյան նրան մեղադրանք առաջադրվեց, սակայն ինչո՞ւ էին վերջինիս ՍԷԿՏ-ը փակել առանց մեղադրանքի, անհասկանալի է, և սրա պատասխանը, այուամենայնիվ, պետք է տրվի:
Ի դեպ, նոյեմբերի 16-ի առավոտյան մենք թե գրավոր, թե բանավոր հարցում էինք ուղարկել դատախազություն՝ հասկանալու համար՝ ինչ մեղադրանք է առաջադրված եղել Արմեն Աշոտյանին, սակայն մեր պատասխանը ստացել էինք օրեր անց, երբ արդեն բոլորը գիտեին, թե նոյեմբերի 16-ի երեկոյան նրան ինչ մեղադրանք են առաջադրել:
Որպեսզի խնդիրն ավելի պարզ լինի, նշենք, որ որևէ անձի ՍԷԿՏ-ը փակում է ոստիկանությունը: Նկատի ունենք, անկախ նրանից, թե դատախազությունն ու նախաքննական մարմինը ինչ ու երբ են մեղադրանք առաջադրում անձին, ՍԷԿՏ փակողը ոստիկանությունն է: Ըստ այդմ մենք գրավոր հարցում էինք ուղարկել ոստիկանություն՝ ակնկալելով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները, որոնք լույս կսփռեին գործընթացի իրավական կողմի վրա:
Խնդրում ենք պատասխանել՝
- ինչո՞ւ է արգելափակվել Արմեն Աշոտյանի ելքը երկրից. խնդրում ենք նշել իրավական հիմքը,
- ի՞նչ իրավական փաստաթուղթ է դրված եղել Ոստիկանության կողմից Արմեն Աշոտյանի՝ ՍԷԿՏ-ը փակելու համար,
- ՀՀ-ից Արմեն Աշոտյանի ելքի արգելափակման որոշումը (եթե դա եղել է որոշում, իսկ եթե ոչ, խնդրում ենք նշել իրավական ակտի տեսակը) ե՞րբ է կայացվել: Խնդրում ենք նշել որոշման օրը և ժամը,
- Ինչպիսի՞ն է եղել իրավական ակտի բովանդակությունը,
- Արդյո՞ք այդ իրավական ակտի մեջ նշվել է Արմեն Աշոտյանի կարգավիճակը նոյեմբերի լույս 16-ի գիշերվա դրությամբ օդանավակայանում:
Ոստիկանության լրատվական ծառայությունը սահմանված ժամկետում մեզ է փոխանցել քրեական ոստիկանության գլխավոր վարչության տրամադրած հետևյալ պատասխանը՝
«Հայտնում ենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4- րդ գլխի 15-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի՝ գրավոր հարցման հիման վրա, իսկ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` տեղեկատվության տրամադրումը` մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը։ Ելնելով վերոգրյալից, հայցվող տեղեկությունների տրամադրումը ենթակա է մերժման, քանի որ պարունակում է Արմեն Աշոտյանի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ և բացակայում է վերջինիս կողմից Ձեզ տրված համապատասխան լիազորագիրը»:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պատասխանը բավականին զավեշտալի է, իհարկե, և հիշեցնում է էժանագին, ինչպես ասում են՝ «կռուտիտ»՝
ա) նախ փրկելու իր դեմքը, որովհետև մարդու ելքն իրենք են արգելափակել երկրից,
բ) փրկելու Գլխավոր դատախազությանը,
գ) Քննչական կոմիտեին:
Մենք որևէ անձնական տվյալ չենք ուզել, մեր հարցման մեջ որևէ անձնական տվյալի թեմա չի շոշափվել: Խոսքը գնում է մի գործընթացի մասին, որը լայնորեն լուսաբանվել է մամուլում, ներառյալ՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերով:
Բացի դրանից, հրապարակային քաղաքական կամ քրեական (հուսանք՝ կհասկանանք, այնուամենայնիվ, այս երկուսից որն էր առնչելի Արմեն Աշոտյանին) թեմայի վերաբերյալ անձամբ Արմեն Աշոտյանն է խոսել: Նա ինքը նույնպես հրապարակայնորեն խոսել է այն հարցադրումների մասին, որը մենք ձևակերպել էինք մեր գրավոր հարցման մեջ:
Ավելին, Արմեն Աշոտյանի՝ Քննչական կոմիտե ներկայանալու, ապա ՔԿ-ից դուրս գալու, փաստաբանի մեկնաբանության ողջ գործընթացը լուսաբանվել է ուղիղ եթերում:
Հատկանշական է, որ Արմեն Աշոտյանի անունից արդեն իսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում https://168.am/2022/11/21/1799584.html հանցագործության մասին՝ կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքը ապօրինի արգելելու հետ, ուրեմն ինչ անձնական տվյալի մասին է խոսքը:
Ի դեպ, մենք կապ հաստատեցինք Արմեն Աշոտյանի հետ, ով ասաց՝ բոլորովին դեմ չէ, որ ոստիկանությունը մեզ տրամադրի վերոգրյալ հարցերի պատասխանները:
Այսինքն՝ քրեական ոստիկանությունը լավ կանի ուրիշ բան հորինի՝ 1-2 օր կամ մի շաբաթ, միգուցե ամիս հետաձգելու այս հարցերի պատասխանների ձևակերպումը: Այս հարցերի պատասխանները մի օր անպայման տրվելու են եթե ոչ՝ մեդիային, ապա՝ Արմեն Աշոտյանի ՍԷԿՏ-ը փակելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Իսկ քանի որ նույնաբնույթ հարցեր ուղղել ենք նաև Գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին, իրավասու այս պետական մարմիններին խորհուրդ ենք տալիս ավելի կրեատիվ լինել, չկրկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծիծաղելի պատասխանը: