«Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ 168.am-ի և Դավիթ Սարգսյանի» գործով նիստը կրկին հետաձգվեց. քաղաքապետի ներկայացուցչի լիազորագիրը ժամկետանց էր
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով դատական նիստը:
Պատասխանող Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պատրաստ էր ներկայացնել ապացույցները, որոնք, ըստ դատարանի որոշման` բաշխվել էին պատասխանող կողմին, սակայն պարզվեց, որ հայցվոր Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանի լիազորագիրը ժամկետանց է:
Այդ հանգամանքով պայմանավորված` դատական նիստը հետաձգվեց մինչև 2024 թվականի սեպտեմբերի 11-ը: Հայցվորի ներկայացուցիչը դատարանին խնդրեց նիստը դրան հաջորդող որևէ այլ օր նշանակել:
Դատարանը կողմերին կծանուցի հերթական նախնական դատական նիստի օրն ու ժամը:
Հիշեցնենք՝ 2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի դե ֆակտո քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մասին:
Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Դրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Պարզվում է, Տիգրան Ավինյանը չի սիրում ճշմարտության հետ առերեսվել և դիմել է դատարան ՝ ներողություն խնդրելուն, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջով:
Ավելին, Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով ոչ միայն լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունն էր գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը բավարարել, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամ կալանք դնելու միջնորդությունը՝ մերժելով շարժական գույքի և դրամական հաշիվների վրա կալանք դնելու միջնորդությունը:
Ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրողի ու լրատվամիջոցի գույքերի ու հաշվի վրա:
Այս մինչ օրս նախադեպը չունեցող խայտառակությունը դատապարտեցին բոլորը՝ քաղաքական-հասարակական գործիչներ, տեղական և միջազգային լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ):
Բարձրացված աղմուկից հետո Տիգրան Ավինյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու հարցով: