«S-400-ները պատրաստ են օգտագործման»․ Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերն ընդգրկված են Թուրքիայի սպառազինությունում և ցանկացած պահի կարող են տեղակայվել անհրաժեշտ վայրում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Խորհրդարանում նախարարության 2023-ի բյուջեյի քննարկման ժամանակ թեմային անդրադարձած Աքարը նախ հիշեցրել է, որ իրենք ռուսական համակարգերը գնել են այն պայմաններում, երբ մերժվել են ամերիկյան «Patriot» ու ֆրանս-իտալական «SAMP-T» ՀՕՊ համակարգեր գնելու իրենց հարցումները:
«Շատերը հարց են տալիս՝ որտե՞ղ են S-400-ները: Ուրեմն ասեմ, որ S-400-ներն իրենց տեղում են և պատրաստ են օգտագործման: Տեղափոխման ժամանակահատված կա: Դրա իրականացումից հետո 1 ժամվա ընթացքում ամեն ինչ պատրաստ է լինում: Մենք S-400-ի հետ կապված խնդիր չունենք»,- ասել է Աքարը՝ ավելացնելով, որ եթե Թուրքիային սպառնա որևէ օդային վտանգ, ապա որոշում կկայացվի, թե որտեղ է պետք տեղակայել այդ համակարգերն ու կիրառել։