Կներկայացվեն հայկական գորգերի եզակի օրինակներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ նոյեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրվագներ ինքնության. գորգ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որում ներառված է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության ֆոնդում պահվող գորգերից մի արժեքավոր ընտրանի։
Ցուցադրությանը կներկայացվեն գորգերի, կարպետների, աղամանների, անկողնապարկերի, խուրջինների և այլ իրերի մի քանի տասնյակ եզակի օրինակներ։
Հավաքածուում ներառված գորգերի և կարպետների ժամանակագրությունն ու աշխարհագրությունը լայն է․ դրանք պատրաստվել են Վասպուրականի, Բարձր Հայքի, Արցախի, Սյունիքի, Նախիջևանի, Լոռիի, Շիրակի, ինչպես նաև հայաշատ բնակավայրերի՝ Կիլիկիայի, Կեսարիայի, Պարսկաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հնդկաստանի, Բուլղարիայի հայ վարպետների կողմից։
Հավաքածուի մեջ ներառված վաղ շրջանի նմուշներ են 15-րդ, 16-րդ՝ Վասպուրականում, Արցախում, Սյունիքում, Գանձակում, 17-րդ՝ Բայազետում, Վանում, 18-րդ՝ Արցախում, Սյունիքում, Վասպուրականում, Արաբկիրում հյուսված և 19-րդ և 20-րդ դարերով թվագրվող գորգերի մի քանի տասնյակ օրինակներ։
Ըստ հորինվածքների՝ նմուշները պատկանում են Արևագորգ, Ջրաբերդ, Պռոշբերդ, Խաչաստղ, Մեմլինգ, Վարանդա, Թռչնաբուն, վիշապագորգերից՝ Խնձորեսկ, Որոտան, Խորանագորգ, Ծաղկագորգ, կեռազարդ, շեղանկյուն վահաններով, կենաց ծառերով, բուսանախշերով և այլ տիպերին։
Ցուցադրության նպատակն է հանրությանն ի ցույց դնել Հայաստանի պատմության թանգարանում պահվող գորգերի և կարպետագործ առարկաների դեռևս չցուցադրված նմուշները, որոնք էապես կնպաստեն գորգագործական ավանդույթի ներկայացման և բացահայտման գործին։