Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ նիստ՝ Երևանում. ի՞նչ որոշում կկայացնի ՀԱՊԿ-ը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կժամանի Հայաստանի Հանրապետություն: Սա ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք Պուտինի երկրորդ այցն է ՀՀ, որը, սակայն, պետական այց չէ։

Այս անգամ Պուտինը Երևանում նոյեմբերի 23-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում դաշինքի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին տրամադրվող օգնության հարցը: Կազմակերպությունը հայտարարել էր, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է «ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը»։ Նիստի ընթացքում նախատեսվում է հռչակագրի ընդունում։

Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, «խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելու, ռադիացիոն համատեղ ձևավորման, քիմիական և կենսաբանական պաշտպանության մասին»։

Վերջերս կայացած ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, որ այս տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ–ի կողմից ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմներն օպտիմալացնելու անհրաժեշտություն կա, հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը նախապատրաստվել ու համաձայնեցվում է։

«Մեր կազմակերպության պատասխանատվության գոտում այս տարի տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու` ՀԱՊԿ մեխանիզմների օպտիմալացման անհրաժեշտությունը։ Հարցի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ փաստաթղթերի համապատասխան փաթեթ է նախապատրաստվել ու համաձայնեցվում»,- ասել է նա։ Սեմերիկովն ընդգծել էր, որ աշխարհակարգի փոփոխման ներկայիս ժամանակահատվածն ամենալուրջ փորձությունն է դարձել միավորման պետությունների համար։ Նրա խոսքով` Արևուտքը Կիևին դրդում է սրել հակամարտությունը՝ անկախ ուկրաինական կողմի բոլոր կորուստներից, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում նաև այլ օջախներ են հրահրվում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը նշել էր, որ, օրինակ, պահպանվում է էսկալացիայի և առճակատման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ սա երկկողմ հարաբերությունների առումով որևէ նորություն չնախանշող այց է: Սակայն նա ասաց, որ ինչպես երկրները, այնպես էլ միջազգային կառույցները՝ հատկապես եվրասիական տարածաշրջանում, գտնվում են նույնպիսի անցումային փուլում, երբ արձագանքման ավանդական եղանակները, ինչպես նաև քաղաքականությունն այլևս տեղին չեն: Եվ, ըստ նրա, ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ ղեկավարների խնդիրն է՝ ցույց տալ գոնե ցանկություն՝ քննարկելու, վերանայելու ինչ-որ հարցեր, գնահատելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները, փոփոխվող իրողությունները, նոր սպառնալիքները:

«Լավ կլիներ, որ այս փուլում գոնե ՀԱՊԿ-ն ավելի միասնական գտնվեր: Ես չեմ կարծում, թե բեկումնային որոշումներ են լինելու, սակայն քննարկումներ կլինեն, գուցե լինեն նույնքան դրամատիկ, որքան վերջին քննարկումները ՀԱՊԿ առցանց նիստի ընթացքում: Սակայն ՀԱՊԿ-ը պետք է ինչ-որ որոշումներ կայացնի, քանի որ անկայուն իրավիճակում և Արևմուտքի կողմից անընդհատ ՌԴ-ի դեմ աշխատելու քաղաքականության հետևանքով անընդհատ նորանոր խնդիրներ են առաջանում, կա վտանգ, որ կառաջանան անվտանգային այլ խնդիրներ և այլ երկրներում, որի դեպքում արդեն նախկին արդարացումներն ընդհանրապես ընդունելի չեն լինի: Երբ խնդրի մասին արդեն ՀԱՊԿ պաշտոնյաներն են խոսում, նշանակում է, որ իսկապես վերանայման գործընթաց կա: Իսկ երկկողմ առումով, բնականաբար, բազմակողմ օրակարգին զուգահեռ՝ կլինի երկկողմ հանդիպում, սակայն չեմ կարծում, թե այդ քննարկումներն ավելի կարևոր են լինելու, քան ՀԱՊԿ շրջանակում սպասվող խոսակցությունը»,- նշեց Սկակովը:

Տեսանյութեր

Լրահոս