Երևանի քաղաքապետարանը սահմանում է ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար նոր կարգ ու նոր դրույքաչափեր 

«Հանրային քննարկման է ներկայացվել ավտոկայանատեղերի տուրքերի նոր դրույքաչափը՝ 2023 թվականի մասով, որտեղ մենք նախատեսել ենք մեկ ավտոկայանատեղիի համար 300.000 դրամ գումար, որը ըստ գործող սանդղակի՝ մաքսիմալն է»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի քաղաքապետարանը հրավիրել էր բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 30-ը ներառյալ իրականացվող՝ Երևան համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու, 2023 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու, ինչպես նաև 2023 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:

Ի դեպ, Երևանի սեփականություն հանդիսացող ընդահնուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու համար յուրաքանչյուր կայանման տեղի համար սահմանվում են վարձավճարներ՝ մեկ ամսվա՝  25000 դրամ, մեկ տարվա համար՝ 200.000 դրամ:

Այլ վճարովի ավտոկայանատեղիում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ժամը 09:00-24:00-ն կայանելու համար՝ ամեն ժամի համար 100 դրամ կվճարեն, որի դեպքում հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ. մինչև 15 րոպեն կարող է չվճարվել, իսկ դրանից ավելի կայանելու դեպքում մեկ ժամվա համար նախատեսված դրույքաչափը պետք է վճարվի նախապես՝ կայանելու պահից 15 րոպեի ընթացքում: Ընդ որում՝ կայանումը մեկ ժամից ավելի տևելու դեպքում ամեն հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը՝ յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1000, մեկ ամսվա համար՝ 2000, մեկ տարվա համար՝ 12.000 դրամ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս