«Երանուհի Թումանյանցին չեմ ճանաչում, շփվել ենք նրա՝ ԲԴԽ գալուց հետո, ունեմ դրական վերաբերմունք, բայց նա չի կարող լինել անկողմնակալ». Արթուր Ստեփանյան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Սա արդեն երրորդ նիստն է այս վարույթով: Նախորդ նիստերի ժամանակ կողմերը դիրքորոշում են հայտնել վարույթի առարկայի և դրա առնչությամբ միջնորդությունների վերաբերյալ:
Այս նիստը սկսվեց Արթուր Ստեփանյանի ներկայացուցչի՝ Սիրանուշ Սահակյանի ելույթով, ով կրկին անդրադարձավ դեռ առաջին նիստի ժամանակ առաջ քաշած դատարանի կազմի օրինականության խնդրին:
Հիշեցնենք, որ Սիրանուշ Սահակյանն ասել էր, որ ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի և ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի միջև կա հատուկ կապ և սերտաճվածություն, և Թումանյանցն այս վարութով չի կարող անաչառ լինել:
Սիրանուշ Սահակյանը կրկին պնդեց իր դիրքորոշումը, բերեց փաստեր, ըստ որոնց՝ այն դեպքում, երբ Երանուհի Թումանյանցը եղել է արդարադատության նախարարի պաշտոնակատար, չէր կարող չառնչվել Արթուր Ստեփանյանի գործին, և ուրեմն ըստ ՄԻԵԴ չափորոշիչների՝ միևույն անձը նույն գործի շրջանակներով չի կարող լինել և վարույթ հարուցող, և քննող:
Սիրանուշ Սահակյանը նշեց՝ Արթուր Ստեփանյանին առնչվող վարույթը ենթակա է կարճման, քանի որ բացակայում են դրա փաստական հիմքերը:
«Վարույթի հարուցելու հիմքը քաղաքացու դիմումն է, որի մեջ առհասարակ որևէ բառ չկա իրեն որոշումը չտրամադրելու մասին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նա նկատեց՝ չկա իրավիճակ, երբ կարող են խոսել այն մասին, որ դատավորը մինչ օրս կողմին իր կայացրած ակտը չի տրամադրել:
Սիրանուշ Սահակյանը հավելեց նաև, որ արդարադատության նախարար եղած ժամանակ Կարեն Անդրեասյանը նույնաբնույթ խախտումների ժամանակ ցուցաբերել է խտրական վերաբերմունք՝ այս դեպքում հարուցելով, իսկ բազմաթիվ այլ դեպքերում այլ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն չներկայացնելով:
Արթուր Ստեփանյանը միացավ իր ներկայացուցչի դիրքորոշումներին:
«Երանուհի Թումանյանցին չեմ ճանաչում, շփվել ենք նրա՝ ԲԴԽ գալուց հետո, ունեմ դրական վերաբերմունք, բայց նա չի կարող լինել անկողմնակալ»,- ասաց Արթուր Ստեփանյանը:
Կողմերին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին: