Պատերազմից հետո Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականությունը կոշտ է լինելու. այսպես կոչված, դաշնակիցներին իրենց տեղն ենք դնելու. Տարասով

«Հարավային Կովկասում և Ղարաբաղի կարգավիճակի շուրջ իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ կան»,- այս մասին 168TV-ի եթերում ասաց ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ղարաբաղյան և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, աշխարհաքաղաքական իրավիճակին, Իրանի և Ռուսաստանի հարավկովկասյան դերին և Ուկրաինայի պատերազմից հետո ՌԴ քաղաքականությանը:

Նա նշեց, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին Ալիևը հաղթեց ռազմի դաշտում, ներկայումս խնդիր ունի հաղթել դիվանագիտական հարթակում, իսկ դիվանագիտական գործընթացը սկսում է պարտվել, քանի որ հայկական կողմն իր համար չափազանց բարդ իրավիճակում առաջարկել է դժվար դիվանագիտական կոմբինացիա՝ խաղալով մի քանի հարթակներում:

Նա վերլուծեց, որ ՀՀ-ն առաջին հերթին բանակցային գործընթացը տեղափոխել է արևմտյան հարթակ՝ Բրյուսել, և ստեղծվել է առանձնահատուկ, անոմալ իրավիճակ, երբ երկու բանակցային հարթակում կա երկու միանման օրակարգ՝ Խաղաղության համաձայնագիր, սահմանազատում-սահմանագծում, և հարց է առաջանում, թե ո՞վ է միջնորդը, եթե կողմերն ինքնուրույն ունակ չեն լուծել այս հարցը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը ներկայացրել է 5 կետ, որոնք ՀՀ-ն ընդունել է, ՀՀ-ն ներկայացրել է վեց կետ, կան տարաձայնություններ դրանց շուրջ, և այս գործընթացն է շարունակվում ներկայումս:

«Կողմերը հանդիպում են, կա ԱԳՆ-ների մակարդակով շփում, անցավ Սոչիի գագաթնաժողովը, և թվում է, թե կողմերը կստորագրեն համաձայնագիրն այս տարեվերջին: ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հարկավոր է շրջանակային համաձայնագիր, իսկ ի՞նչ է շրջանակային համաձայնագիրը՝ սկզբից ստորագրել շրջանակային համաձայնագիր ընդհանուր սկզբունքներով, որից հետո արդեն այդ ձևաչափով լուծել սահմանների հարցը, որը կարող է պահանջել տարիներ: Այսինքն՝ եթե այդ սցենարը հիմք ընդունենք, հայկական կողմը զրոյացրեց գործընթացը, որն ընթանում էր միջազգային դիվանագիտության ջանքերով»,- նկատեց վերլուծաբանը: Սրա ֆոնին նա կարևոր համարեց Ֆրանսիայի Սենատում հաստատված հայամետ բանաձևը, թեև, ըստ նրա՝ դա չի նշանակում, որ Մակրոնը այն կհաստատի։

Նա նաև կարևոր է համարում ԵԱՀԿ ՄԽ-ի մասին ամերիկյան կողմի ակնարկները: Տարասովի համոզմամբ, նոր իրավիճակում տեղի է ունենում Ղարաբաղյան խնդրի միջազգայնացում, գործընթացը երկարաձգվում է, այս ընթացքում Հայաստանը ժամանակ է շահում:

Ռուս քաղաքական վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Խաղաղության համաձայնագրին ու, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին կտրուկ դեմ է արտահայտվում Իրանը, որը լուրջ ռազմական մանյովրներ է իրականացնում: Եվ խնդիրը, ըստ նրա, այն է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն ու Իրանն ունեն պատմական ներկայություն ու ազդեցություն:

«Երբ Անդրկովկասի երկրները սկսեցին կտրել «ռուսական պորտալարը», արթնացավ Իրանը, որն ասաց, որ սա իր ազդեցության գոտին է: Եթե Ուկրաինան և հետսովետական տարածքը ՌԴ ազդեցության գոտի է, ապա ինչո՞ւ Իրանը չպետք է խոսի իր պատմական ազդեցության գոտու մասին: Ուստի Իրանն ասում է, որ քաղաքական կարգավորումը չի կարող անցնել առանց Իրանի: Եվ մենք կարդում ենք իրանական ԶԼՄ-ները և պարզ է դառնում, որ նրանք պատրաստ են իրադարձությունների անբարենպաստ ընթացքի դեպքում օկուպացնել Նախիջևանը, կտրել բոլոր միջանցքները և նույնիսկ մտցնել իրենց զորքերը Լեռնային Ղարաբաղ: Այսինքն՝ իրավիճակը սրվում է և փոխվում են ձևաչափերը»,- ասաց Տարասովը:

Ըստ նրա, չնայած ԵԱՀԿ ՄԽ-ի մասին ևս տարբեր հայտարարություններ են հնչում, չի բացառվում, որ այն վերականգնվի, քանի որ Ղարաբաղյան հարցը միջազգայնացվում է, և կա նաև ընկալում, որ սա վեր է Հայաստանի ու Ադրբեջանի կամքից, այդ կարգավիճակը պետք է լուծի միջազգային հանրությունը:

«Հայկական կողմը հանդես է գալիս, որ, բացի ռուսական խաղաղապահներից, պետք է մտնեն արևմտյան խաղաղապահներ՝ այդկերպ թուլացնելով ռուսական գիծը:

Այստեղ Ալիևը հարցի առջև է կանգնած՝ ում հետ է նրա համար հետաքրքիր, ում հետ նա հնարավորություն ունի պայմանավորվել, Ռուսաստանի հե՞տ, որը խաղաղապահներ ունի, կարող է պայմանավորվել առանց Հայաստանի մանդատի ենթակայության տակ գտնվող տարածքի շուրջ՝ ապահովելով ենթակառուցվածքներով Ղարաբաղին, նույնիսկ կտրելով Ղարաբաղը Հայաստանից: Հնարավո՞ր է, հնարավո՛ր է: Այն բանից հետո, երբ Երևանը հրաժարվեց ճանաչել ԼՂ անկախությունը պատերազմի ընթացքում, ներկայումս մեր խաղաղապահները, որ գտնվում են Ղարաբաղում (այդ մենք ենք ասում՝ խաղաղապահներ, նրանք իրավական առումով նման կարգավիճակ չունեն), դա սահմանափակ կոնտինգենտի ներկայություն է, որի կարգավիճակը կարող է որոշվել միայն Մոսկվա-Բաքու երկխոսության ձևաչափով՝ առանց Երևանի մասնակցության:

Երևանը կտրված է այդ ամենից: Ներկայումս ո՞վ է Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորը, միայն Ռուսաստանն է և ոչ՝ Երևանը»,- նշեց Տարասովը՝ հավելելով, որ ստեղծվել է գլուխկոտրուկ:

Հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում ռուսական գործընթացը Հայաստան-Ադրբեջան տիրույթում, նա պատասխանեց, որ Ռուսաստանի համար ևս խնդիրներ կան, քանի որ ՌԴ-ն չի կարողանում հստակ կողմնորոշվել, թե ինչ ձևաչափով պետք է ներկայություն ունենա Կովկասում, որն է դրա նպատակն ու իմաստը:

Նրա խոսքով՝ իրավիճակային շատ գործոններ են փոխվել, Գյումրիի ռուսական բազան նախատեսված էր Թուրքիայի դեմ, բայց ներկայումս սերտացել են Էրդողանի հետ հարաբերությունները, և թուրքական ագրեսիայի վտանգը ռուսական երաշխիքներով Հայաստանի դեմ քիչ հավանական է։ Ըստ Տարասովի՝ ՌԴ-ն երբեք դեմ չի եղել Երևան-Անկարա նորմալացման գործընթացին, եթե այդ գործընթացը տեղի ունենա, ապա դա մեկ սցենար է Հարավային Կովկասում, եթե ոչ՝ այլ: «Հասկանո՞ւմ եք՝ հայկական կողմը մանևրում է, ինչպես և Բաքուն, և երկու կողմն էլ մեծ սխալներ են գործում»,- նկատեց նա:

Տարասովը չի բացառում, որ ռուսական բազան ու խաղաղապահները դուրս կգան ռեգիոնից:

Նա նշեց, որ ներկայումս Հարավային Կովկասում ազդեցություն ունի ոչ այնքան մոսկովյան գործոնը, որքան իրանականը: Սակայն նա նաև ուշադրություն հրավիրեց աշխարհաքաղաքական այն գործընթացների վրա, որոնք ծավալվում են Իրանի շուրջ, և եթե ԱՄՆ-ը գնա Իրանի մասնատման սցենարի ճանապարհով, ապա դա մեկ այլ սցենար է Հարավային Կովկասի համար, որը նշանակում է, որ սահմաններ են փոխվելու և, բնականաբար, սա մեծ ազդեցություն է ունենալու այս ռեգիոնի վրա:

Նա խոսեց նաև Փաշինյան-Ալիև կուլիսային գործընթացների մասին, որոնք, նրա ենթադրություններով՝ կարող են ռեգիոնից Ռուսաստանի դուրսբերման նպատակ ունենալ:

Տարասովի որակմամբ, ընդհանուր առմամբ գործընթացը երկարաձգվում է, որը ապակայունացման վտանգ ունի:

Նա ընդգծեց, որ Հարավային Կովասում ՌԴ-ն հարավկովկասյան երկրների ինքնիշխանությանը չի սպառնում, գուբերնիայի մասին խոսակցություններն անտեղի են, սակայն ՌԴ-ն չի ցանկանում, որ այդտեղից սպառնալիքներ նկատի իր շահերի տեսանկյունից, որոնք այսօր կան:

Ըստ նրա, ՌԴ քաղաքականությունը պատերազմից հետո Հարավային Կովկասում կոշտ է լինելու, այդ թվում՝ իր դաշնակից երկրների հանդեպ:

Նա նշեց, որ տեսնում են միջազգային հարթակներում քվեարկությունները, բոլոր քայլերը:

«Մենք մեր, այսպես կոչված, դաշնակիցներին, գործընկերներին կդնենք իրենց տեղը: Եթե Դուք աշխատելու եք գործընկեր ու զբաղեցնելու եք չեզոք դիրքորոշում… գիտե՞ք, մենք ևս կարող ենք գունավոր հեղափոխություններ անել, մեզ պետք չէ սովորեցնել»,- այսպես ավարտեց իր խոսքը Ստանիսլավ Տարասովը:

Մանրամասները՝ տեսանյութում  

Տեսանյութեր

Լրահոս