
Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող հայերի հետ».
«Մենք պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ այնպիսի մարդկանց, ինչպիսին Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանն է, որն ուղարկվել է շատ հստակ օրակարգով»,-ասել է Ալիևը՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։
Հիշեցնենք, որ ռուսաստանահայ գործարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի սկզբին նշանակվել է Արցախի Հանրապետության պետնախարար:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևը հանդիպման ժամանակ նաև ասել է, որ «Ղարաբաղում ապրող հայերի հետ խոսելու գործընթացը սկսվել է».
«Եթե չլիներ իմ կողմից հենց նոր նշած որոշ երկրների, այսինքն դրսից միջամտությունը, և եթե այս գործընթացը կասեցնելու փորձեր չլինեին, ապա կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։
Բայց սա կապ չունի Փաշինյանի ու նրա իշխանության հետ։ Ինչպես ասացի, պետք է կոնսենսուս լինի Ադրբեջանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, այսինքն՝ այն երկրների և կառույցների միջև, որոնք, Ադրբեջանի կարծիքով, կարող են աջակցել այդ աշխատանքին»,- ընդգծել է Ալիևը։