Երկրների ինքնիշխանության հարգումը կարևոր սկզբունք է. Իրանի ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի պաշտոնակցին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, իր դժգոհությունն արտահայտելով վերջին օրերին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցված որոշ անիրատեսական հայտարարությունների կապակցությամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ երկրների ինքնիշխանությունը հարգելը կարևոր սկզբունք է։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, երեքշաբթի երեկոյան Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանը կրկնել է, որ երկրների ինքնիշխանությունը հարգելը կարևոր և հիմնական սկզբունք է, որը պետք է հաշվի առնել։

Իրանի բարձրաստիճան դիվանագետը պաշտոնական և դիվանագիտական ուղիները համարել է թյուրիմացությունների և տարակարծությունների լուծման լավագույն միջոցը և ընդգծել, որ լրատվամիջոցներում նման հարցերի բարձրացումը ոչ միայն չի օգնում խնդրի լուծմանը, այլև ճանապարհ է բացում թշնամիների համար՝ շահարկելու հարցը։

Ամիր Աբդոլլահիանն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունը համարել է հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել երկու երկրների միջև համակողմանի հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Իրանի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Թեհրանում կայանալիք «3+3» հանդիպմանը՝ որպես դիվանագիտական ռազմավարության միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծման շրջանակ։

Բայրամովն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և թյուրիմացությունների վերացման անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում երկու կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում շարունակելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ բարեկամական հարաբերությունների ամրապնդման և հնարավոր թյուրիմացությունների վերացման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս