«Ստամբուլի պայթյունից ահաբեկչության հոտ է գալիս». Էրդողան
Նոյեմբերի 13-ին ցերեկը Ստամբուլի Թաքսիմի կենտրոնական հրապարակին հարող «Իսթիքլալ» պողոտայում տեղի է ունեցել պայթյուն։ Ներկայիս տվյալներով՝ պայթյունի հետևանքով մահացել է 6, վիրավորվել 81 մարդ։ Վոդաֆոն մարզադաշտում այդ օրը երեկոյան նախատեսված «Beşiktaş-Fraport TAV Antalyaspor» ֆուտբոլային հանդիպումը պայթյունի պատճառով հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և ադարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Ստորև ներկայացնում ենք պայթյունին հաջորդած զարգացումներն ու պետպաշտոնյաների հայտարարությունները.
Ահաբեկչության վարկած
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ինդոնեզիա մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պայթյունի այդ դեպքից «ահաբեկչության հոտ է գալիս»։ Նշել է, որ, ըստ նախնական տվյալների, այդ գործում մի կին է ներգրավված եղել։ Իսկ փոխնախագահ Օքթայը հայտնել է, որ իրենց գնահատմամբ՝ մի կնոջ կողմից ռումբի գործադրման հետևանքով տեղի է ունեցել տեռակտ։
Հետաքննություն է սկսվել
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։ Ստամբուլի դատարանը պայթյունի հետ կապված հեռարձակման արգելք է սահմանել տեսալսողական բոլոր լրատվամիջոցների և սոցիալական հրապարակումների համար։ Զուգահեռաբար Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել պայթյունի հետ կապված սոցիալական ցանցերի հաշիվներից արվող բացասական լուրերի և հրապարակումների առնչությամբ։
Կան ձերբակալվածներ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սոյլուն վաղ առավոտյան հայտնել է, որ Ստամբուլի ոստիկանության կողմից ձերբակալվել է ռումբը տեղադրած անձը, իսկ նախքան այդ էլ ձերբակալվել է մոտ 21 անձ ևս։ Նախարարնը նշել է, որ ըստ իրենց ձեռք բերած փաստերի՝ պայթյունն իրականացրել են «PKK/PYD ահաբեկչական կազմակերպության անդամները», գործողության հրամանը եկել է Քոբանիից, իսկ գործողությունն իրականացնողն անցել է Աֆրինով։