Գրողների միությունը գրական-գեղարվեստական միջոցառմամբ տոնեց Վահագն Դավթյանի հարյուրամյակը
Բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահագն Դավթյանի 100-ամյակի առթիվ Հայաստանի գրողների միությունում նոյեմբերի 11-ին գրական-գեղարվեստական միջոցառում անցկացվեց:
Գրողները խոսեցին հեղինակի ստեղծագործությունների բացառիկության, նրա հայրենասիրական ոգու, հայ գրականության մեջ ունեցած կարևոր ներդրման մասին, ընթերցեցին Դավթյանի՝ տարբեր ժամանակներում գրված գործեր:
Միջոցառումն անցկացվեց նոյեմբերի 11-ին Հայաստանի գրողների միությունում:
Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ Եղիշե Չարենցի մահից հետո հայ գրական միջավայր մուտք գործեցին աշուղներ, և դաշտը լցվեց կիսագրագետ մարդկանցով, և եթե, այդպես շարունակվեր, հայ գրականությունը կզրոյանար: Հենց այդ ժամանակ եկավ Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի սերունդը, որն իր ներկայությամբ զարդարեց հայ գրականությունը: «Նա հետաքրքիր դիտողականությամբ պատմական անցքերն էր վերածում պոեմների, որոնցից էր «Ասք սիրո և սրի» ստեղծագործությունը, գրեց «Թոնդրակեցիներ» պոեմը, որը հետագայում վերածվեց դրամայի: Նա բազմաշերտ գրող էր, տաղանդավոր էր. անդրադառնում էր հրապարակախոսությանը, մշակութաբանությանը, թարգմանական գրականության տեսությանը, հրաշալի թարգմանիչ էր: Հայերեն էր թարգմանել Մայակովսկու, Եսենինի, Պուշկինի և այլ մեծերի գործեր»,-շեշտեց Միլիտոնյանը:
Ըստ Միլիտոնյանի՝ Վահագն Դավթյանի պոեզիան ասես հայ բազմադարյա պոեզիայի ամփոփում լինի: «Նրա հատընտիրը կարդալիս լսում ես մեր բանաստեղծության զնգոցը, ժամերգությունները, հնչյունները, շշուկները»,-ասաց Միլիտոնյանը:
Գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ուրախ էր, որ դահլիճում ներկա են ոչ միայն արվեստագետներ, այլև դպրոցականներ, որոնք ճանաչում են Դավթյանի գրականությունն ու անգիր գիտեն հեղինակի բանաստեղծությունները:
Դեմիրճյանի խոսքով՝ Վահագն Դավթյանը մեծ հոգու, մտածողության տեր անհատականություն էր, որը խոսում էր իրար հակասող երևույթների՝ վերևի, ներքևի, հողի, երկնքի մասին: «Մարդն առանց տիեզերքի, առանց անհունության, առանց հավերժի գիտակցության չի կարող սիրել այն հողը, որի վրա ապրում է, իսկ հող ասելով Վահագն Դավթյանը հասկանում էր հայրենիք՝ իր ծննդավայրից սկսած մինչև այն հայրենիքը, որ մեր բոլորի հոգիներում է՝ անկախ գծված և չգծված սահմաններից»,-նշեց նա:
Անդրադառնալով Դավթյանի «Անքնություն» ստեղծագործությանը՝ Դեմիրճյանը պատմեց՝ մի առիթով Դավթյանն ասել է, որ անքնության պահին փորձել է մտքի մեջ վեպեր գրել՝ անքնությունը հաղթահարելու համար, սակայն այդ ժամանակ նրա աչքի առաջ է եղել հայոց պատմությունը, ուստի չի կարողացել քնել: «Այդ անքնությունը նրան տարավ պատմության քառուղիներով, ինչպես կասեր Չարենցը, և ծնվեցին մի շարք պատմական հրաշալի պոեմներ»,-ընդգծեց Պետրոս Դեմիրճյանը:
Միջոցառումն ամբողջացավ գրողի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ և երաժշտական կատարումներով:
Վահագն Դավթյանը ծնվել է 1922 թվականին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան): Չորս տարեկան է եղել, երբ Տրապիզոնից նավով գաղթել են և ժամանակավորապես հաստատվել Կրասնոդարում: Գաղթական արաբկիրցիները 1930-ական թվականներին եկել և Երևանում հիմնել են «Արաբկիր» թաղամասը: 1932-ին մոր և քրոջ հետ Դավթյանը հաստատվում է Երևանում: Հայրն ավելի ուշ է միանում նրանց, քանի որ Կրասնոդարում փռապան էր և օգնում էր ընտանիքին։
Դպրոցն ավարտելուց հետո Դավթյանին ուղարկում են բանակ: Հենց այդ ժամանակ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Նա մասնակցել է պատերազմին, վիրավորվել է և վերադարձել տուն, ընդունվել համալսարան։ 1948-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը: Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագիր, «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալ, «Սովետական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի գրողների միության նախագահ: Մահացել է 1996-ին: Աճյունն ամփոփած է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
Մոտ 40 բանաստեղծական ժողովածուի, գրական-հրապարակախոսական հոդվածների 2 գրքի, մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածի, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների հեղինակ է։