Սերգեյ Մակովեցկին Երևանում հանդես կգա «Ոչ պատահական հանդիպում» մոնոներկայացմամբ

Դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Մակովեցկին Երևանում թատերասերներին կներկայանա «Ոչ պատահական հանդիպում» մոնոներկայացմամբ, որը համարում է ներկայացում-խոստովանություն:

Արվեստասերները ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան դեկտեմբերի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Մակովեցկիի պրոդյուսեր Լեոնիդ Ռոբերմանը շեշտում է՝ Սերգեյ Մակովեցկին տաղանդավոր դերասան է, որին Ռուսաստանում գրեթե բոլորն են ճանաչում: «Նա ոչ միայն Ռուսաստանի ժողովրդական արտիստ է, «Նիկա», «Ոսկե արծիվ», «Ճայը» և այլ մրցանակների դափնեկիր, այլև արտիստ, որի անունը դահլիճներ է լցնում, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը բարձրացնում են հեռուստատեսության վարկանիշը»,-շեշտում է նա:

Մոնոներկայացմանը հանդիսատեսը կլսի Սերգեյ Մակովեցկիի պատմությունները կինոյում և թատրոնում աշխատելու, հետաքրքիր ռեժիսորների, դերասանների և այլ մարդկանց հետ հանդիպումների մասին, որոնք հետք են թողել արտիստի կյանքում և ստեղծագործության վրա։ Կլինեն մենախոսություններ ներկայացումներից և պոեզիա, կցուցադրվեն հազվագյուտ կադրեր Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերից։


Սերգեյ Մակովեցկին խաղացել է 30-ից ավելի թատրոններում և 50-ից ավելի ֆիլմերում: Արտիստը որոշել է հանդես գալ նաև Երևանում, քանի որ սիրում է Հայաստանն ու հայերին:

Տեսանյութեր

Լրահոս