Այսուհետ Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը փաստաթղթերն ապոստիլով կվավերացնի նաև ընդմիջման ժամերին
Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը և իր հանձնառությանը, շարունակաբար քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական մարմինների հետ հարաբերություններում վերջիններիս համար հնարավոր բարդությունները բացառելու ուղղությամբ։
Այսուհետ նախարարության Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ամենապահանջված ծառայություններից մեկը՝ փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու ծառայությունը հասանելի կլինի նաև ընդմիջման ժամերին։ «Այս բարեփոխմամբ էականորեն կկրճատվի ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ հերթերի կուտակումը։ Բարեփոխումը առաջընթաց է հատկապես ապոստիլով վավերացման ծառայությունից օգտվող պետական և մասնավոր հատվածում աշխատող մեր հայրենակիցների և օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք կարող են անհրաժեշտ ծառայությունն ստանալ իրենց համար առավել հարմար ընդմիջման ժամերին՝ արդյունավետ կառավարելով աշխատանքային օրը»,- պարզաբանում է ՀՀ արդարադատության նախարարությունը։