Բաժիններ՝

Այսօր մեր երկրում գիտության հանդեպ երիտասարդների հետաքրքրվածությունն անհամեմատ ավելի ցածր է, քան նախորդ տասնյակ տարիներին էր. երիտասարդ գիտնականները՝ գիտության մասին

Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդն ու նպատակն է՝ ամբողջ աշխարհում բարձրացնել հասարակության մոտեցումն ու գնահատականը հօգուտ գիտության:

Գիտության ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներից 168.am-ը հետաքրքրվեց, թե երկար տարիներ է, ինչ խոսում ենք, որ մեր երկրում գիտությունն առաջնային համարելու համար քայլեր չեն արվում, մարդիկ, թեկուզև լավ մասնագետ են, հեռանում են գիտությունից: Այսօր ի՞նչ վիճակ է ոլորտում, ի՞նչ անել աշակերտին գիտությանը մոտեցնելու և մասնագետին ոլորտում պահելու համար:

«Դժվար, բազմաշերտ հարց է։ Ես 15 տարի գիտության մեջ եմ, և կարծես թե նոր-նոր, գոնե աշխատավարձի մասով կա առաջընթաց։ Բայց, ամեն դեպքում, ցանկացած մասնագիտություն ապրելու միջոց է, և եթե գիտությունը շարունակում է մնալ ոչ հրապուրիչ, ուրեմն այն դեռ չի դիտարկվում՝ որպես բարեկեցիկ կյանքի միջոց։ Երևի դեռ շատ ժամանակ ու ջանք է պետք՝ իրավիճակը շտկելու համար»,- ասաց Հայաստանի ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագետ Տիգրան Ալեքսանյանը:

Կարդացեք նաև

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրմոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանը համամիտ չէ, որ գիտությունն առաջնային համարելու համար քայլեր չեն արվում:

«Թույլ տվեք չհամաձայնել այն պնդման հետ, որ գիտությունն առաջնային համարելու համար քայլեր չեն արվում: Քայլեր արվում են, այլ հարց է, որ այդ քայլերը գուցե բավարար չեն կամ թերի են: Այսօր մեր երկրում գիտության հանդեպ երիտասարդների հետաքրքրվածությունն անհամեմատ ավելի ցածր է՝ համեմատած նախորդ տասնյակ տարիների հետ: Գուցե խնդիրն այն է, որ դպրոցում աշակերտների մոտ գիտության հանդեպ սերը չի ձևավորվում այնչափ, որպեսզի իրենց հետագա կյանքը կապեն բնագիտական առարկաների հետ: Պատճառները բազմազան են՝ սկսած դպրոցական լաբորատորիաների ցածր հագեցվածությունից՝ մինչև ուսուցիչների ոչ ճիշտ դասավանդում: Եթե աշակերտը որևէ առարկա չհասկացավ, բնականաբար, նա այն չի կարողանա սովորել և սիրել: Այստեղից էլ գալիս են հիմնական խնդիրները: Ոչ պակաս կարևոր խնդիր է՝ աշակերտների մոտ այն կարծրատիպի վերացումը, որ բուհն ավարտելուց հետո բնական գիտությունների մասնագիտացմամբ պատշաճ աշխատավարձով աշխատանք հնարավոր չէ գտնել: Դա միանշանակ այդպես չէ»:

Աստղագետ Հասմիկ Անդրեասյանի խոսքով՝ բնական գիտությունների վիճակն է մի փոքր վատ. համալսարանում համապատասխան ֆակուլտետներն այն պահանջարկը չունեն, ինչ պետք է ունենային:

«Շատ ֆակուլտետներում թափուր տեղեր են մնում: Կարծում եմ՝ պետք է սկսել դպրոցներից ու դպրոցական տարիներին հասցնել մաքսիմալ հետաքրքրություն առաջացնել երեխայի մոտ: Պետք է թարմացնել նաև դասավանդման ձևերը, շատ ավելացնել պրակտիկ դասընթացները` մասնավորապես ֆիզիկա, քիմիա առարկաների դեպքում: Երեխան պետք է իր ձեռքով փորձեր անի, ինչ-որ սարք փչացնի, հետո ինքն էլ սարքի, որպեսզի էնտուզիազմը պահպանվի: Դե, բնականաբար, պետք է հասարակության մեջ գիտնականի իմիջը վերականգնվի, ոչ թե թերագնահատված լինի: Երեխան պետք է վստահ լինի, որ գիտության մեջ լինելով՝ ինքը կկարողանա լավ ապրել, որովհետև բոլորի համար էլ դա շատ կարևոր է»,- ընդգծեց աստղագետը:

Տեսանյութեր

Լրահոս