Բաժիններ՝

«Մի՛ վախեցիր, միայն հավատա՛»․ Հյուծող վախը և ամոքիչ երկյուղը

Ինչո՞ւ են մարդիկ վախենում։ Այս հարցը բազում պատասխաններ ունի՝ նայած, թե որ տեսակետից կնայենք այս երևույթին։ Օրինակ՝ կան մարդիկ, ովքեր ասում են, թե վախն ինքնապաշտպանություն է։ Երբ մենք չենք կարողանում լուծել ինչ- որ հարց, չենք կարողանում հաղթահարել խնդիրը, սկսում ենք վախենալ՝ անզոր ու անպաշտպան լինելով։

Այլք էլ գուցե պնդեն, թե վախը գալիս է անգիտությունից և անհայտությունից։ Երբ մենք չենք ճանաչում մի երևույթ, սկսում ենք վախենալ դրանից։ Զուր չէ, որ լսել ենք այնպիսի դեպքեր, երբ մարդիկ նախկինում վախեցել են օրինակ՝ ինչ- որ կենդանատեսակներից, և միայն այդ կենդանուն խնամելով են հաղթահարել վախը։ Լուծումը պարզ է՝ սկսել են ճանաչել այն, ինչ նախկինում անհայտ էր իրենց։

Ոչ մի սահմանում էլ սխալ չէ վախի մասին, այս բոլոր կարծիքները գալիս են միմյանց փոխլրացնելու, սակայն մի բան հստակ է․ որտեղից էլ որ առաջանա վախը, թեկուզ և այն լինի շատ բնական, միևնույն է, այն հյուծող ու քայքայող հատկություն ունի։

Երբ աստվածաշնչյան մի դրվագում եկան և Հայրոսին հայտնեցին, որ նրա դուստրը մահացավ, Քրիստոս դիմեց նրան՝ ասելով․ «Մի՛ վախեցիր, միայն հավատա՛» (Ղուկ․ 8։50)։ Այսօր այս պատգամը Քրիստոս հղում է մեզ՝ ավելացնելով․ «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մատթ․ 4։27)։

Կարդացեք նաև

Ուրեմն՝ մեր սրտերում ունենալով երկյուղածությունն Աստծո հանդեպ՝ փորձենք հաղթահարել մեր վախերը։ Աստծո հանդեպ երկյուղը երբեք չշփոթենք վախի հետ։ Վախը ախտ է, իսկ երկյուղը՝ սպեղանի։ Այն բուժում է՝ մղելով մարդկանց բարի գործերի, սրտերը լցնելով սիրով, կյանքը՝ բարիքներով։ Երկյուղածությամբ մենք սկսում ենք չարիք չգործել՝ վախենալով ոչ թե Աստծու պատժից, այլ լցված լինելով Աստծո հանդեպ սիրով։

Քրիստոսով մենք լցվում ենք հավատով, ուժով ՝ հաղթահարելու բոլոր վախերը։ Քրիստոս բացառում է վախերը՝ սրտերը լցնելով սիրով։

Չվախենանք՝ ականջալուր լինելով Քրիստոսի խոսքին։ միայն այս ճանապարհով ենք լցնելու մեր սրտերը աստվածային անմնացորդ սիրով, քանի որ «ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհ․ 4։18)։

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս