
Կոնգրեսում հաղթանակի դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում հանրապետականները մտադիր են ուժեղացնել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային տրամադրվող օգնության վերահսկողությունը:
Այս մասին նոյեմբերի 7-ին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքքարթին:
«Ես աջակցում եմ Ուկրաինային, սակայն, հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք առաջ շարժվում, կարծում եմ՝ հաշվետվություն է հարկավոր: Չլրացված չեկ տալու փոխարեն մենք պետք է ռեսուրսներն ուղղենք այնտեղ, որտեղ դրանք անհրաժեշտ են, ինչպես նաև ապահովենք Ներկայացուցիչների պալատում և Կոնգրեսում հարցը քննարկելու հնարավորությունը»,-նշել է նա:
Մաքքարթին հավելել է՝ ընտրվելու դեպքում իրենք կկենտրոնանան երկրի ներքին խնդիրների՝ մասնավորապես անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա:
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Ընտրվելու է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը և Սենատի անդամների մեկ երրորդը։ Հանրապետականներն ակնկալում են մեծամասնություն ստանալ երկու պալատներում: