«Մեր բանակն իրականում չի պարտվել, մեր բանակին ներսից ստիպել են, որ պարտվի…»․ Սենոր Հասրաթյան
Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր գրառումներում հաճախ է հիշեցնում Արցախյան առաջին գոյամարտի հաղթանակները, գրում նախկինների և ներկաների «պահած» բանակի, գեներալների հանդեպ քաղաքական ղեկավարության եղած երբեմնի հարգանքի և այլնի մասին: Բնականաբար, չեն շրջանցվում նաև Ապրիլյան և 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ տեղեկատվական քաղաքականության թեման, որի մեջ է եղել երկար տարիներ:
Հաշվի առնելով Արցախյան առաջին պատերազմի մոռացության փաստը, զինվորականության պահվածքը և այլ առիթներ, 168.am-ը խնդրեց Սենոր Հասրաթյանին պատասխանել մեր հարցերին:
– 44-օրյա պատերազմից հետո հատկապես Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները մոռացության մատնվեցին, ՀՀ Պաշտպանության նախարարությունն անգամ պաշտոնական կայքից հանեց արցախյան տարեգրությունը ներկայացնող հատվածը, որտեղ մանրամասն ներկայացվում էին իրականացված օպերացիաները, թե որ օրը հայկական ինչ շրջան, գյուղ է ազատագրվել: Հարցադրումս զուտ Ձեր գնահատականը լսելու համար չէ, այլ կխնդրեի առանձնացնեիք առաջին պատերազմից որևէ կարևորագույն օպերացիա, գուցե պատմություն, որը դաջվել է Ձեր հիշողության մեջ:
– Ես կասեի՝ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները ոչ միայն մոռացության մատնվեցին, այլև կատարվեց ավելի ահավոր բան՝ 2018թ. իշխանազավթումից հետո բավականին նպատակաուղղված կերպով հեղինակազրկվեցին, ապա նաև՝ պաշտոններից հեռացվեցին բոլոր նրանք, ովքեր կանգնած են եղել նույն այդ հաղթանակների և մեր փառավոր բանակի կերտման ակունքներում: Արդյունքում՝ ունեցանք գլխատված բանակ և խայտառակ պարտություն… Պարտություն, որը, ցավոք, այսօր էլ դեռ շարունակվում է:
Իսկ ինչ վերաբերում է առաջին պատերազմից իմ հիշողության մեջ մնացած կարևորագույն օպերացիային, ապա պետք է ասեմ, որ այդպիսիք մեկը կամ երկուսը չեն: Այդպիսիք իմ հիշողության մեջ երկու տասնյակից ավելին են՝ սկսած Տողի ազատագրման ռազմական օպերացիայից՝ մինչև 1994թ. մայիսին տեղի ունեցած Սեյսուլանի ռազմագործողությունը…
– Այս համատեքստում շարունակեմ՝ ինչպե՞ս է, որ այդ ժամանակ տարբեր գաղափարներ, քաղաքական նախասիրություններ, ռազմական տարաձայնություններ ունենալու պարագայում հաջողվում էր զինվորականությանը, գեներալներին ընդհանուր գործի շուրջ հավաքվել, կամ նրանք իրենք էին համախմբվում, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ և հետո՝ չհաջողվեց:
– Ես մի առիթով ասել եմ և նորից կցանկանայի կրկնել. պատերազմը վարում են ոչ միայն զինվորականությունը կամ գեներալները, այլև պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ: Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ 2016-ի Ապրիլյան քառօրյայի ժամանակ մեր հայրենիքն ուներ ռազմադիվանագիտական բարձր կարողություններով օժտված քաղաքական ու զինվորական ղեկավարություն, որտեղ յուրաքանչյուրն արհեստավարժորեն տիրապետում էր իր պարտականություններին և երբեք մեկը մյուսին չէր խանգարում: Իսկ թե ինչ էր կատարվում 44-օրյա պատերազմի ընթացքում, թերևս, բոլորին է հայտնի: Միայն մի բան կավելացնեմ՝ մենք այդ պատերազմում իրականում ունեինք քաջ ու նվիրյալ զինվորներ, բայց չունեինք նրանց գրագետ ղեկավարող ռազմաքաղաքական վերնախավ…
– Ի՞նչն էր պատճառը, որ Ապրիլյան պատերազմից առաջ, դրա ժամանակ իրենց լավ դրսևորած զինվորականները, գեներալները 44-օրյա պատերազմի ժամանակ ձախողվեցին, և այսօր անցնում են քրեական տարբեր գործերով:
– Իրականում, այդ ժամանակ բանակի շարքերում դեռ կային տարբեր աստիճանի զինվորականներ, որոնք օժտված էին համապատասխան մարտական փորձով և ունեին ռազմական պատշաճ գիտելիքներ, սակայն չունեին իրավիճակին համահունչ ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորություն: Նրանց կաշկանդում էր մեկը, և այդ մեկը, ցավոք, անտեղյակ էր ռազմական գործից… Իսկ ինչ վերաբերում է քրեական գործերին, ապա ժամանակ հետո կպարզվի, որ իրական պատասխանատուները ոչ այնքան տվյալ մարդիկ են, որքան ամենավերևից թելադրողներն ու նրանց կամակատարները…
– Մի առիթով զինվորականներից մեկն ինձ ասաց, որ խաղաղ պայմաններում զինվորականներն այնքան էլ համարձակ չեն, մեղմ ասած: Սա ասել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարության ֆոնին, երբ հասարակությունը կտրուկ քայլեր էր պահանջում, որին պատրաստ չէր կամ չէր պլանավորել այդ ժամանակվա ԳՇ ղեկավարությունը: Ո՞րը պետք է լինի այն կարմիր գիծը, որը զինվորականը չպիտի հատի, կամ՝ ո՞րն է այն սահմանը, որի հատումը չի ընկալվի սահմանադրությամբ ամրագրված քաղաքական չեզոքության խախտում: Գործ ունենք բարդ իրավիճակի հետ. զինվորականը սահմանադրորեն սահմանափակում ունի, բայց նրանցից ընդվզում են պահանջում: Իսկ գեներալներից գոնե այդ ժամանակ շատերը կարծում էին, որ բանակում մնալով են նաև «փրկում» բանակը:
– Այդ հարցին կպատասխանեմ կարճ. զինվորականի գործը վերդասակարգային ծառայություն է, և այն խնդիր ունի երկիրը պաշտպանել թշնամուց, անկախ նրանից, թե հարվածը որտեղից է հասցվում: Իսկ մեր պարագայում, քանի որ հարվածը ոչ միայն դրսից է, այլև՝ ներսից, ուստի հայ զինվորականը պարտավոր է գործողություն իրականացնել նաև այս ճակատում: Ցավոք, մեր բարձրագույն զինվորական խավն անհրաժեշտ պահին չկարողացավ կատարել այն, ինչ պարտավոր էր կատարել, և դա նրանց պատիվ չի բերում…
– 44-օրյա պատերազմը կարո՞ղ էր այլ ելք ունենալ, բանակը պարտվե՞լ է:
– Անշուշտ, 44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ, եթե երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր տեղում լիներ: Բայց նա ոչ միայն իր տեղում չէր, այլև ամեն ինչ արեց՝ մարտնչող բանակին պարտության տանելու համար… Մեր բանակն իրականում չի պարտվել, մեր բանակին ներսից ստիպել են, որ պարտվի…
– Այո, պատերազմը վարում է պետությունը, իսկ բանակը կռվում է: Ո՞ր պահից հասկացաք՝ պետությունը պարտվելու է այս պատերազմում, և ի՞նչ հերոսական պատմություն եք լսել զինվորների և սպաների վերաբերյալ, որի մասին կուզենայիք խոսել:
– Պատերազմի առաջին չորս օրերին մարտագծի բոլոր հատվածներում և, հատկապես, հարավային և հյուսիսային ճակատներում հայ զինվորի դրսևորած համառ պաշտպանությունը, իրոք, արժանի է հերոսական անվանվելու: Նրանք արեցին իրենցից կախված ամեն հնարավորը՝ թշնամու առաջխաղացումը կանգնեցնելու համար, սակայն չհաջողվեց, բայց ոչ իրենց մեղքով… Ինչ վերաբերում է՝ երբ հասկացա, որ պարտվելու են, հոկտեմբերի 10-ին, երբ հանձնեցինք Հադրութը և Արցախի հարավային հատվածի տարբեր մասերում անկառավարելիության պատճառով նկատելի էր խուճապային տրամադրություն, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ էր… Պարզ էր ոչ թե այն պատճառով, որ բանակը կամ ժողովուրդը պատրաստ չէր կռվելու, այլ, որ պետությունն էր, կարծես թե, մնացել անղեկ…
– Պատերազմում պարտության մեջ հասարակությունը, և ոչ միայն՝ տեսնում են նաև տեղեկատվական-քարոզչական պայքարի համար պատասխանատուների մեղքը: 44-օրյա պատերազմից հետո մի առիթով ասացիք, որ պատերազմը չի հանդուրժում աճպարարությունը, անհող ոգևորությունից հաղթանակներ չեն ծնվում, սա է պատերազմի օրենքը: Բայց ինչպե՞ս անել, որ և՛ պատերազմի դաշտից եկող ծանր տեղեկությունը ճիշտ մատուցել հանրությանը, բայց, որ զորքի բարոյահոգեբանական վիճակը չտուժի: Ես հիշում եմ՝ տեղեկատվության մատուցման հարցում միշտ բավական պահպանողական եք եղել:
– Սովորություն չունեմ հրապարակային ներկայացնել նախկին կամ ներկա զինվորական գործընկերներիս թերություններն ու բացթողումները: Եվ դա համարում եմ ճիշտ, քանի որ խոսքը վերաբերում է մի ոլորտի, որտեղ նախընտրելին փակ տարբերակով դեմ դիմաց քննարկումն է կամ բանավեճը, մանավանդ, եթե քո նպատակը կատարված սխալները վերհանելը, դրանք վերացնելն ու հետագայում չկրկնելն է… Բայց քանի որ կան պատասխանատուներ, որոնք լռելու փոխարեն՝ այսօր էլ շարունակում են հանուն սեփական արդարացման լսարաններ գրավել, ուստի, որպես Ձեր հարցի պատասխան, ես կանդրադառնամ մի դեպքի:
Հիշում եմ, թե ինչպես Հադրութի հանձնման օրը, «սիգարի» գլանակը բերանին, ՊԲ տեղեկատվական կենտրոն մտավ այդ օրերին հայկական ռազմատեղեկատվական ոլորտի «կարկառուն» պատասխանատուներից մեկը… Հիշում եմ նաև, թե ինչ եմ ասել նրան…
– Սա պատերազմ է, սա շոու չէ…
– Շե՜ֆ, տես՝ ինչ ենք անելու,- ինքնագոհ պատասխանել է նա և հեռացել…
Այնինչ, ես ուզում էի շարունակել և, ավագի իրավունքով, նրան խորհուրդ տալ, որ ռազմական տեղեկատվության և ապատեղեկատվության միջև կա հստակ սահման, որը խախտել չի կարելի, և, որ պետք է գրագետ ու հնարավորինս զգույշ ժողովրդին տեղեկացնել ճակատում տիրող իրական վիճակի մասին…
Ավաղ, նա ոչ միայն կատարեց այն, ինչ պիտի կատարեր, այլև իր ամենօրյա ասուլիսները շարունակեց ավարտել «հաղթելու ենք» դատարկաբանությամբ… Արդյունքում՝ մենք պարտվեցինք, և պարտվեցինք նաև այդ պատճառով… Այսքանը:
– Այն թեմաների մասին, որից խոսեցինք, կարելի է երկար զրուցել, բայց այս պահին կցանկանայի՝ հիշեինք 2014-ի նոյեմբերին ՊԲ իրականացրած փայլուն օպերացիան, հատկապես, երբ այսօր թշնամու կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքից չենք կարողանում դուրս բերել մեր զինվորների մարմինները, Ադրբեջանը թույլ չի տալիս:
– Ասեմ, որ որդի Ալիևի իշխանավարության առաջին իսկ տարիներից սկսած՝ ռազմաշունչ հռետորաբանությանը զուգընթաց՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար և հետևողականորեն քայլեր էր ձեռնարկում նաև առաջնային գծում իրադրությունն արհեստականորեն սրելու ուղղությամբ: Այն արտահայտվում էր՝ ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով, այնպես էլ՝ շփման գծում իրականացվող դիվերսիոն-հետախուզական գործողություններով:
Միայն 2014թ. ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտեց շուրջ 29.500 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 320.000 կրակոց: Հարկ է ընդգծել, որ այդ խախտումների մի զգալի մասը բաժին էր ընկնում դիպուկահարներին, ինչն էլ հիմք տվեց շրջանառության մեջ դնել «դիպուկահարային պատերազմ» արտահայտությունը: Նույն տարվա հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից ձեռնարկվեց 12 հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, որի արդյունքում հայկական կողմը տվեց 5 զոհ, 7 վիրավոր, իսկ հակառակորդը՝ 38 զոհ, 57 վիրավոր:
Չնայած ունեցած կորուստներին, այդուհանդերձ, ադրբեջանական բանակի հրամանատարությունը շարունակում էր սադրիչ գործողություններով ապակայունացնել առաջնային գծում տիրող իրավիճակը: Այն հատկապես անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացում ստացավ 2014թ. նոյեմբերի 12-ին, երբ արցախաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում հակառակորդի կողմից խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ՄԻ–24 ուղղաթիռը:
Հակամարտ զորքերի միջդիրքային տարածքում ընկած ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող հետագա գործընթացներն իրականացնելու համար պաշտոնական Ստեփանակերտը դիմեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջամտությանը, սակայն ադրբեջանական կողմի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այն որևէ արդյունք չտվեց:
Ավելին, այդ օրերին հակառակորդն օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այդ թվում՝ նռնականետեր, առավել ինտենսիվ կրակային խոցում սկսեց իրականացնել հայկական ուղղաթիռի անկման վայրի ուղղությամբ՝ նպատակ ունենալով խոչընդոտել տեղանքում որևէ գործողության իրականացմանը:
Ստեղծված իրավիճակից ելնելով՝ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը ստիպված էր մշակել ու կյանքի կոչել հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրան հաջորդող գործընթացներն իրականացնելու հատուկ նշանակության գործողություն:
Մարտական խնդիրը կատարվեց դեպքից ուղիղ մեկ շաբաթ հետո՝ նոյեմբերի 19-ին, որի արդյունքում տարհանվեց օդաչուներից մեկի դին, երկուսի մասունքները և ուղղաթիռի որոշ մասեր: Հատուկ նշանակության գործողության ժամանակ շարքից հանվեց ադրբեջանական երկու զինվոր, հայկական կողմը կորուստներ չունեցավ: