
Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածները կարող են օգնել Գազայի հետ համաձայնության հասնելուն․ Թրամփ

Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածները կարող են նպաստել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայում շարունակվող պատերազմում առաջընթացի հասնելուն։
Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, այս մասին Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կարճատև մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կարծում եմ՝ Գազայի հարցում մեծ առաջընթաց է գրանցվել։ Մեր կողմից իրականացված հարձակման շնորհիվ, կարծում եմ, մենք շատ լավ նորություններ կունենանք», – ասել է նա։
Թրամփը նաև ընդգծել է, որ «շատ մոտ է» Գազայում հակամարտության վերաբերյալ համաձայնագրի կնքմանը։«Կարծում եմ՝ դա մի փոքր օգնեց, ցույց տվեց մեծ ուժ։ Դրանից զատ, նույնիսկ դրանից առաջ մենք շատ մոտ էինք Գազայի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։