
Հրապարակված տեսանյութերն ակնհայտ մոնտաժված են, չեն արտահայտում իրականությունը. Հովհաննես Խուդոյան
Փաստերը, որոնք ներկայացված էին ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, չեն համապատասխանում իրականությանը, իսկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Մանրամասները դեռ իհարկե կհասկանանք։ Ոչ մասնագետի համար էլ այդ ձայնագրությունները լսելիս հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում խոսքը, ու ակնհայտ է, որ մոնտաժված են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով են մշակված, գեներացված, գործի քննությունը ցույց կտա»,– ասաց նա։
Խուդոյանն ասաց, որ ձայնագրությունների մասին խոսել է նաև սրբազանի հետ, որը նրան ասել է, որ ոչ մի նման գործողություն պլանավորված չի եղել։
«Մեր շատ հայրենակիցներ հաստատ իրենց ընկերական կամ ընտանեկան սեղանների շուրջ, երբեմն շատ տաքացած լինելով, շատ արտահայտություններ կարող են հնչեցնել, և դա ձևակերպել քրեական մեղադրանքի տակ, կարելի է հասկանալ ամբողջական կոնտեքստը լսելուց հետո»,– նշեց փաստաբանը` ավելացնելով, որ ձայնը սրբազանին է, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մոնտաժված ու բառերը կպցրած են։
Խուդոյանի խոսքով` առաջադրված հոդվածներով նախատեսվում է 12-15 տարի ազատազրկում։
Սրբազանի մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանը ևս նշեց, որ տեսել և խոսել է սրբազանի հետ, նա շատ լավ տրամադրություն ուներ, հումորով էր վերաբերվում տեղի ունեցողին։
«Ամեն ինչ հասկանալի է. հերթական քաղաքական հետապնդումն է, որն ունի կոնկրետ նպատակ` պարալիզացնել ընդդիմությանը, ձերբակալել բոլոր ակտիվ գործիչներին»,– նշեց նա։
Հարությունյանի խոսքով` իրենք շատ անարդար իրավիճակում են հայտնվել, ոչ հավասար պայմաններում. բաներ կան, որոնք փաստաբաններին չէին ներկայացվել նախաքննական մարմնի կողմից, սակայն իշխանության կողմից վերահսկվող Civic.am կայքն արդեն հրապարակել էր։
Փաստաբանը նշեց, որ սրբազանի տանը չի տեսել այն զենք–զինամթերքը, որոնք ՔԿ-ն հրապարակել է։
«Մի ծիծաղաշարժ նկար տեսա, որտեղ զենքի կողքը հրապարակված էր նաև զենքի թույլտվությունը» ,- նշեց նա։
Փաստաբաններն ավելացրին, որ 24-ժամյա ռեժիմով ձերբակալված անձանց գործն այս ընթացքում կտանեն դատարան` որոշելու խափանման միջոցը։