Հաջորդ անգամ անկլավների հանձնման հարցն ինձ չուղղեք. Տավուշի մարզպետ
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցրեց՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել։
Հարցին՝ կրակոցներ, թշնամու առաջխաղացում տեղի չի՞ ունեցել, Տավուշի մարզպետը կարճ պատասխան տվեց՝ ոչ մի բան չկա։
Դիտարկմանը, որ որոշ ժամանակ առաջ լուրեր էին շրջանառվում, թե թշնամին վրաններ է տեղադրել հանդամասերում, Հայկ Ղալումյանը նույն ոճով պատասխանեց. «Չկա նման բան»։
Հայկ Ղալումյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե Տավուշում կա՞ն գյուղեր, որոնք պատրաստվում են տալ Ադրբեջանին։
«Ես այդ հարցին չեմ պատասխանում, սա իմ անձնական որոշումն է, այդ մասին ես չեմ խոսում, հաջորդ անգամ այդ հարցն ինձ չտաք, խնդիր չկա, ուղղակի չեմ պատասխանում»։
Հարցին՝ ինչո՞ւ չի պատասխանում, նման բան չկա՞, Հայկ Ղալումյանը կրկնեց նախորդ պատասխանը. «Ընդհանրապես այդ հարցին չեմ պատասխանում»։
Թեպետ լրագրողներն ասացին, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է Տավուշի «անկլավների» մասին, հետևաբար՝ ինչո՞ւ այդ հարցին չի պատասխանում, Տավուշի մարզպետը պատասխանեց, որ համենայն դեպս այս պահին նման բան չի քննարկվում։
Հարցին՝ կարո՞ղ է բացառել, որ այդ գյուղերը չեն հանձնվելու, Հայկ Ղալումյանը պատասխանեց. «Չեմ կարող բացառել, դրա վերաբերյալ, խնդրում եմ, ինձ հարցեր չուղղել»։
Թեպետ զրույցի սկզբում Տավուշի մարզպետն ասել էր, որ կրակոցներ չկան, բայց լրագրողների հարցից հետո պատասխանեց. «Հատուկենտ կրակոցներ կան 90-ականներից հետո, լուրջ ոչինչ չկա, այդ հատուկենտ կրակոցները միշտ էլ եղել են»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում