Հայաստանում կիրականացվի «գյուղատնտեսական մարդահամար»
Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել «գյուղատնտեսական մարդահամար»: Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«Գյուղատնտեսության առաջնային արտադրությունն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 11-13 տոկոսը: Իսկ ագրոպարենային համակարգն ընդհանուր դիտարկմամբ կազմում է ՀՆԱ-ի շուրջ 25 տոկոսը: Հատկանշական է նաև, որ Հայաստանում զբաղվածների շուրջ 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում»,-ասաց Քերոբյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականին նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել մինչև 1,2 տրիլիոն դրամ: Նախորդ տարի այն կազմել էր 933 միլիարդ դրամ։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով՝ պլանավորվում է այն հասցնել 1,4 տրիլիոն դրամի։
Ֆերմերային տնտեսությունների խոշորացման արդյունքում ընդհանուր գյուղատնտեսությունների թիվը նախատեսվում է նվազեցնել մինչև 280 հազարի՝ նախկինում առկա 317 հազարի փոխարեն՝ միաժամանակ նպաստելով մեկ գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքի արտադրողականության բարձրացմանը:
Նախարարի խոսքով՝ ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը 2022 թվականի 9 ամիսների տվյալներով կազմել է 879 միլիոն դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028 թվականի պլանավորած ցուցանիշը:
Նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես, դեռ քննարկման փուլում է գյուղատնտեսական որոշ ապրանքների համար ԱԱՀ-ի տարբերակված կիրառումը:
«ՀՀ վիճակագրական կոմիտեն հաջորդ տարի պլանավորում է անցկացնել «գյուղատնտեսական մարդահամար», որի ընթացքում պետք է ճշգրտվի գյուղացիական տնտեսությունների քանակը, ունեցվածքը, ընդհանուր գյուղատնտեսական իրավիճակը»,-ասաց Քերոբյանը:
2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր՝ 36 միջոցառումներով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում նաև արտաքին աղբյուրներից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցներով 3 ծրագիր՝ 8 միջոցառումներով՝ 2,4 միլիարդ դրամ գումարով: