Խաղաղության պայմանագիրը պարտադիր պետք է վավերացվի, իսկ ՍԴ-ում յուրայինների նշանակմամբ՝ իշխանությունը կգնա նաև դրան․ Ալվինա Գյուլումյան

Անկախ անվանումից՝ միջազգային պայմանագիր է այն, ինչը կնքող կողմերի համար որևէ պարտավորություն է առաջացնում։ Եթե ոչ նոյեմբերի 9-ի, ապա դրան հաջորդած եռակողմ հայտարարությունները կողմերի համար պարտավորություններ չեն առաջացնում։ Խաղաղության պայմանագիրը շատ ավելի լուրջ փաստաթուղթ է լինելու, և այն հնարավոր չէ կնքել առանց ներքին ընթացակարգի՝ ընդամենը պայմանագիր համարելով։ Ե՛վ մեր Սահմանադրության 116-րդ հոդվածը, և՛ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում են, որ քաղաքական և ռազմական նշանակություն ունեցող, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող պայմանագրերը պարտադիր վավերացման ենթակա են, այսինքն՝ դրանք պետք է անցնեն ամբողջ ընթացակարգը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

«Նման փաստաթղթերի արդյունքում առնվազն բյուջետային որոշակի բեռ կամ օրենսդրական որոշ փոփոխություններ պետք է լինեն, հետևաբար՝ դրանք պետք է անցնեն վավերացման ընթացակարգ։ Իսկ միգուցե մենք դեռևս դրանց վերաբերյալ որևէ գործողություն չե՞նք կատարում, դա լինելու է վավերացումից հետո՞։ Միջազգային պայմանագիրը չի ենթադրում, որ դրա ստորագրումից հետո պետք է պարտադիր վավերացում լինի։ Դժվար է ասել՝ մենք դրա վերահսկողության երաշխիք ունե՞նք, թե՞ ոչ։ Երաշխիք կարող է լինել խորհրդարանական փոքրամասնությունը, հանրային պահանջը, այլապես նման կամքի դրսևորում իշխող ուժի կողմից չենք տեսնում։ ՍԴ-ն չի կարող նախաձեռնել գործընթացը, նա գործը պետք է քննի միայն դիմումի առկայության դեպքում, իսկ նման դիմում ներկայացնում է վարչապետը»,- ասաց իրավաբանը:

«Քանի դեռ ՍԴ-ում գործ առկա չէ, չենք կարող ասել, թե այն իր վերահսկողությունը չի իրականացնում։ Թե ինչպիսին կլինի ՍԴ որոշումը, երբ նման դիմում ստացվի, ենթադրությունների դաշտից է։ Երեք նոր դատավոր ընտրելով՝ իշխող ուժը մեծամասնություն ունի ՍԴ-ում։ Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է այդ մեծամասնությունն անհրաժեշտ նրան։ Կա մտահոգություն, որ սպասվում են ինչ-որ պայմանագրեր, որոնց վավերացման համար անհրաժեշտ է ՍԴ այնպիսի որոշում, որը չի փակի այդ պայմանագրերի ճանապարհները։ Հետագա նշանակումները միայն ապացուցում են յուրայիններին տեղավորելու մոտեցումը»,- նշեց նախկին դատավորը:

Իրավաբանի կարծիքով՝ այսօր հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի թեման չի շոշափվում, և ասել, թե դրանք վերաբերում են Արցախին, խիստ պայմանական է. «Նույնիսկ Արցախի անունը չի տրվում, նշանակում է՝ Արցախի մասին չեն բանակցում, հարցը փակված են համարում նաև այս կողմից։ Համենայնդեպս, որևէ բան Արցախի վերաբերյալ չի ասվում։ 1994-ին հրադադարի պայմանագիրը Հայաստանի կողմից ստորագրելն սխալ էր, և եթե այդ ժամանակ վարվեինք Կոսովոյի ալբանացիների պես, թույլ կտայինք հակամարտող կողմերին՝ Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին, դեմառդեմ բանակցելու։ Էականը ոչ թե այն է, թե ով դուրս թողեց Արցախը բանակցային գործընթացից, այլ՝ թե ով մտցրեց Հայաստանը գործընթացի մեջ, չէ՞ որ սա Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարն է։ Այսօր մենք մենակ ենք թողել թուլացած Արցախին, այն դեպքում, երբ տարիներ առաջ նույն Արցախը կարող էր արժանապատվորեն բանակցել Ադրբեջանի հետ»:

«Ե՛վ Էրդողանը, և՛ Ալիևը պետք է հասկանան, որ Սահմանադրությունների նախաբանները մնայուն իրավական հիմքեր են։ Նախաբանը Սահմանադրության բաղկացուցիչ մաս է, կապ չունի՝ ո՛ր Սահմանադրության։ Տեսականորեն՝ եթե անգամ փոխվի ՀՀ Սահմանադրության նախաբանը, միջազգային արենայում դա ոչինչ չի նշանակում։ Նախաբանը փաստաթղթի ուղեղն է, հայեցակարգը, իսկ մենք դա որդեգրել ենք պետության ստեղծման պահից, ինչպես Անկախության հռչակագրում։ Մենք միշտ կարող ենք հղում անել մեր Սահմանադրության նախաբանին։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, սրանք դա չեն անում, հաջորդները կանեն։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ոչ միայն Անկախության հռչակագիրը, այլև դրան ուղեկցող իրավաքաղաքական բազան, այդ թվում՝ Գերագույն խորհրդի հայտնի որոշումները չեղարկել»,- ամփոփեց ՄԻԵԴ և ՀՀ ՍԴ նախկին դատավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս