Սկսում ենք. առաջիկայում սպասվում են շրջադարձային իրադարձություններ. Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված համազգային հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլն այսօր կապիտուլյացիայի կանխումն է:

«Կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը մեր բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանության վերականգնումով: Կա մի բաժանում, և յուրաքանչյուր հայ այդ հարցը պետք է իրեն տա. Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչ այդ պետք է կատարենք ամենակարևոր սահմանազատումը մեր ներսում՝ լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի: Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար, հնչելու է հասցեական, այս բախտորոշ ընտրության առջև կանգնած են բոլորը: Կա՛մ Նիկոլի հետ եք, կա՛մ հայրենիքի»,- շեշտեց նա:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նաև հաջորդ որոշումը, որը պետք է ընդունվի հանրահավաքի ժամանակ. «Արդյո՞ք մեկ մարդը, որը բերել է պատերազմ, կորուստներ, զոհեր, իրավունք ունի որոշի մեր բոլորի ճակատագիրը: Միանշանակ՝ ո՛չ: Հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու ենք մենք՝ այս հրապարակի յուրաքանչյուր անձ»:

Հանրահավաքի մյուս կարևոր քայլը, ըստ Սաղաթելյանի՝ հստակ ուղերձն է արտաքին աշխարհին. «Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների և լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման և հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել և վավերացվել որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը: Նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից և իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարվելու է առոչինչ: Միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստան չէ, որ Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտողը չէ, և դա պետք է արձանագրենք ամեն օր և ամեն ժամ»:

Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ կապիտուլյացիային դիմագրավելու ներուժ ժողովուրդն ունի. «Ինչպե՞ս կանխել Հայաստանի վերահաս կապիտուլյացիան, ինչպե՞ս դիմագրավել Հայաստանի առկա մարտահրավերներին: Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով՝ համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով, և որպես դրա կարևոր հանգրվան՝ ազգային իշխանություն ձևավորելով: Ի՞նչ պետք է անի ազգային իշխանությունը և ինչպե՞ս.

1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում:

2. Պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում:

3. Կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում:

Այս երեք ուղղություններով ամենօրյա տքնաջան աշխատանք պետք է իրականացվի նոր որակի իշխանության կողմից»:

Նա նշեց, որ վերջնական հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է փողոցում հավաքված մարդկանց անհաղթահարելի ուժը. «Այդ ուժն ապահովելու է ազգային իշխանության ձևավորումը: Մենք հստակ պատկերացնում ենք, թե ինչպես պետք է դա արվի: Մենք հիմա խնդիր ունենք՝ անհրաժեշտ և բավարար պայմաններ ապահովելու և առանց ցնցումների, համաժողովրդական պոռթկումով, ճիշտ պահին ազատագրենք մեր երկիրը: Մեզ պետք է համահայկական զորաշարժ, մեր առաջ քաշած օրակարգի հանրային լայն և անվերապահ աջակցություն: Մենք չենք պայքարում, որ իշխանություն ունենանք. մենք պայքարում ենք, որ հայրենիք ունենանք: Մենք չենք պայքարում, որ մեզանից որևէ մեկը վարչապետ լինի. մենք պայքարում ենք, որ Հայաստանը առհասարակ վարչապետ ունենա: Հետևաբար՝ մեր պայքարը նահանջ չունի, մենք համակերպվող տեսակ չենք և գնալու ենք մինչև վերջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս