«44-օրյա պատերազմը Նիկոլի և նրա տերերի կողմից լավ ծրագրված պետական դավաճանության սցենար էր»․ Նաիրա Մելիքյան

«Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել մեր երեխաների, այդ թվում՝ իմ տղայի մասունքները: Ես գրեթե ամեն օր վերհիշում եմ 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր օրը և ևս մեկ անգամ համոզվում, որ դա Նիկոլի և նրա տերերի կողմից շատ լավ ծրագրավորված պետական դավաճանության սարսափելի սցենար էր: Հասկանում եմ նաև, որ եթե չլիներ 2018-ի, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունը, և դրա արդյունքում՝ մեր իշխանության բռնազավթումը, ապա արդյունքում այսօր մեր երեխաները կլինեին մեր կողքին, Արցախը և Հայաստանը կլինեին անվտանգ»,- Ֆրանսիայի հրապարակում անցկացվող համազգային հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:

Նա նկատեց՝ ավաղ, 2018-ին հերթական անգամ չցուցաբերվեց քաղաքական հասունություն, և կարճաժամկետ շահի համար հավատացին գործող իշխանություններին. «Հավատացինք այս ստահակներին, այս թրքածին լեշակերներին»:

Զոհվածի մայրը ընդգծեց՝ հասկանում է, որ այլևս երբեք իրեն «մամ» չեն ասելու. «Ինձ այլևս երբեք տատ էլ չեն ասելու, քանի  որ երեխաս զոհվեց դեռ 20-ը չբոլորած՝ առանց սերունդ տալու, և քանի-քանի այդպիսի հազարները պառկեցին Արցախի սուրբ հողում, որ մենք ունենանք Արցախ, ունենանք Հայաստան, ունենանք արժանապատվություն, վերջապես պահենք ու պահպանենք այն, ինչի համար տասնյակ տարիներով տվել ենք արյուն և քրտինք»:

Նաիրա Մելիքյանը շեշտեց՝ գործող իշխանություններն ամեն օր մեր գլխին բերում են նոր արհավիրքներ. «Դրա վառ ապացույցը ս.թ. սեպտեմբերի 13-ին հրահրված պատերազմն էր, որի արդյունքում մենք ընդամենը երկու օրում ունեցանք 300-ից ավելի զոհեր, նոր անհետ կորածներ, նոր ընտանիքներ դժբախտացան, մարեց նրանց լույսը, և հիմա նրանք մեր վիճակում են, հիմա իրենք են փնտրում իրենց երեխաներին: Ես շատ հաճախ ունենում եմ հուսահատության շատ վատ պահեր, հատկապես, երբ տեսնում եմ, որ ազգիս մեծամասնությունն անտարբեր է, և այդ պահերին ինձ հարց եմ տալիս՝ ինչի՞ համար ես պայքարում, դու այլևս երեխա չունես, դու այլևս ապագա չունես, այլևս երազանք չունես, ոչինչ չունես, դու էլ հանգիստ նստիր, թող իրենք մտածեն, բայց հաջորդ պահին Արցախի հողը գոռում է: Այն հողը, որտեղ դեռ հանգչում են մեր երեխաների մասունքները, այդ թվում՝ իմ երեխայի, այն հողը, որի ամեն սանտիմետրը ներկված է արյամբ, և մենք չենք կարող այդ հողը նվիրել մեր թշնամուն:

Շատ-շատերը, չգիտեմ՝ ինչպես, բայց հավատում են Նիկոլի ասած՝ թուրքի հետ բարեկամության դարաշրջանին. Ուզում եմ հարցնել՝ որևէ խելամիտ մարդ կարո՞ղ է դրան հավատալ: Անգամ վերջին պատերազմական գործողություններից հետո տեսանք մեր մասնատված երեխաներին, տեսանք մեր կին զինվորների պղծված մարմինները, մեր գերեվարված տղաների գնդակահարության դրվագները, որևէ մեկը դեռ հավատո՞ւմ է թուրքի հետ բարեկամությանը: Ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ հավատալ թուրքի հետ բարեկամությանը, երբ եղել է 15 թվականի եղեռն, երբ թուրքը մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը: Թուրքը ազգերի համաշխարհային դահիճն է, Արևմուտքի կացինը, բայց նա հատկապես մեր հակատեսակն է: Նա ստեղծվել է մեկ առաքելությամբ՝ մեզ ոչնչացնելու առաքելությամբ, և նա ցանկանում է ավարտին հասցնել այն, ինչ կարողացավ 1915-ին: Հետևաբար, թուրքի հետ բարեկամությանը հավատացողներ, դուք կամ հայ չեք, կամ անմեղսունակ եք և տառապում եք հիշողության կորստով»:

Նա անդրադարձավ գերտերությունների պատվիրակությունների ակտիվ այցերին Հայաստան՝ ընդգծելով, որ հենց այդ կենտրոններն են հղացել այս արհավիրքը, նրանք են սատարում Փաշինյանին, անում են ամեն բան, որպեսզի իրենց արյունոտ գործարքը հասցնեն ավարտին. «Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ պայքար, համախմբում: Պետք է վերջ դնենք պառակտվածությանը, հավատանք մեր ուժերին: Ով չի պայքարում՝ նրանից հրաժարվում է անգամ Աստված, Աստված չի ներում ինքնասպաններին, դա մեծագույն մեղք է, իսկ մենք այսօր շատ նման ենք ինքնասպանության գնացող ազգի, որը, չգիտես՝ ինչու, իրեն դրել է մի անհասկանալի փակուղու մեջ և որևէ կերպ չի ուզում որևէ քայլ անի, որպեսզի դուրս գա այս վիճակից: Բայց ես հավատում եմ իմ ազգին, մեր ներքին մղմանը, մեր արյան կանչին»:

Նաիրա Մելիքյանի դիտարկմամբ՝ գործող իշխանություններն ամեն ինչ անում են՝ հասարակությանը հուսահատության մեջ պահելու համար. «Շարունակական հարվածներ իջեցնելով մեր գլխին՝ ժողովրդին պահում են թմրած վիճակում: Այս սրիկաները մեր մարմնի վրա բացել են մի ահռելի վերք և անում են ամեն բան, որ արնաքամ լինենք: Բայց մենք չպետք է թույլ տանք, պետք է ապացուցենք, որ ազգ ենք, նախիր չենք, և այս իրական դրախտավայրը հենց այնպես չի տրվել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս