Բաժիններ՝

Կայացավ «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը

«Ապագա Հայկական»-ի համաժողովին ընդառաջ նոյեմբերի 5-ին կայացավ «Պատմական պատասխանատվություն» փորձագիտական հանձնախմբի առաջին առկա հանդիպումը՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն ասաց, որ մինչ այս հանձնախմբի բոլոր հանդիպումները եղել են առցանց ձևաչափով:

«Հանրային քննարկմանը պատշաճ նախապատրաստվելու, սցենարները մշակելու համար մենք ստեղծել ենք այս փորձագիտական հանձնախմբերը: Մեր նախորդ հանդիպումը նվիրված էր ցեղասպանության խնդրի ճանաչմանը: Մեր քննարկման հիմնական թեման է լինելու հայապահպանության խնդիրը որպես պատմական պատասխանատվություն»,-ասաց նա:

Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանն էլ հավելեց, որ պատմական պատասխանատվության մասին տարբեր գաղափարներ առցանց քննարկումների արդյունքում արդեն արձանագրվել են:

«Մենք հարուստ ժառանգություն ունենք թե՛ հոգևոր, թե՛ մշակութային իմաստով, և այդ ժառանգությանը շատերը ծանոթ չեն, և հետևաբար, իբրև պատմական պատասխանատվություն, պետք է այդ ժառանգությունը հստակեցնենք և կարողանանք երիտասարդ սերնդին փոխանցել վաղվա նպատակի համար»,-ասաց նա:

«Ապագա հայկական»-ի համաժողովը տեղի կունենա 2023թ.-ի մարտի 10-12-ը:

«Ապագա հայկական»-ի առաջին համաժողովին ընդառաջ ստեղծվել են երեք հանձնախմբեր՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ»՝ իրենց շուրջը համախմբելով Հայրենիքի և Սփյուռքի ոլորտային հանրաճանաչ ու առաջատար մասնագետներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս