
«Ո՞ւմ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են․․․»․ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ազգային Ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ, Նիկոլը տարբեր ոլորտներին առընչվող բազմաթիվ ֆանտաստիկ ու տխրահռչակ հայտարարություններ է արել: Դրանցից մեկով ասել է, որ 2023թ. պաշտպանական ծախսերը 2018թ. համեմատ աճել է 113%-ով, կամ 270մլրդ դրամով:
Ամբողջ աբսուրդը կայանում է նրանում, որ հատկացվող ֆինանսական միջոցները իբրև թե ավելացել է 113%-ով, բայց երկրի պաշտպանունակության մակարդակը՝ 2018թ. համեմատ նվազել է աննկարագրելի չափով: 2018թ-ին Հայաստանն ու Արցախը բավարար պաշտպանունակ էին, իսկ այսօր հույսներս դրել ենք ՌԴ խաղաղարար առաքելության ու ԵՄ 40 դիտորդների վրա: Սա է ձեր իշխանության պատկերն, ու էլ նորից չեմ հիշեցնում ահռելի մարդկային ու տարածքային կորուստների մասին:
Նիկոլի այս հայտարարությունը կոչվում է երեսպաշտական սուտ, կամ պետական միջոցների անարդյունավետ օգտագործում, կամ լավագույն դեպքում՝ չկատարված (ձախողված) բյուջեներ:
Ո՞ւմ են պետք քո բյուջետային ավելացումները, եթե արդյունքում պետությանդ տարածքները օկուպացվել կամ հանձնվել են, զինանձնակազմի ծառայության պայմանները վատթարացել են, պաշտպանական կառույցներն անմխիթար վիճակում են և այլն:
Ո՞ւմ են պետք բյուջետային ավելացումներդ, եթե ինքդ ես հայտարարում, որ զենք չես կարողանում գնել: Ու՞մ է պետք անիմաստ գլուխ գովելդ, եթե լաց ես լինում, որ ՀԱՊԿ-ը կամ դաշնակիցները քեզ չեն պաշտպանում: Վերջին շրջանում բախտներս բերել է, որ տարածաշրջանում Իրանի ու Ռուսաստանի կենսական շահերն են գործել, թե չէ, քո այդ ավելացած բյուջեով Սյունիքն էլ էիր մատաղ անելու:
Մի խոսքով, ԱԺ-ում ինչ ուզում ես, կարող ես հայտարարել, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Դո՞ւք պետք է հեռանաք, որովհետև փաստ է, որ աշխարհի փողերն էլ տան ձեզ, միևնույն է ազգակործան կապիտուլյանտից բացի, այլ բան ձեզանից դուրս չի գալու:
Մի նորմալ, խելքը գլխին ԶՈՒ ռեֆորմ չեք կարողանում մշակել թղթի վրա, մինչև հիմա ազգային անվտանգության ռազմավարություն չունեք, ու՞ր մնաց թե պետության պաշտպանունակություն ու անվտանգություն ապահովեք:
Հիշի՛ր, անվտանգության, պաշտպանունակության, արտաքին քաղաքականության, պետական կառավարման, բարոյական-արժեքային հարցերում երբեք չհամեմատվես 2018թ-ի հետ: Խայտառակ վիճակում եք, ու ձայնդ որքան բարձր է հնչում, խայտառակությունդ այնքան ցայտուն է երևում»: