«Ոչ լեգիտիմ ավագանու անդամների հետ գործ չունե՛նք»․ Ռաֆիկ Անդրեասյանը՝ ՔՊ-ականների կողմից իրենց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ ավագանու այսօրվա նիստին ներկա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները միաձայն որոշում են կայացրել վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության բոլոր՝ 11 անդամների լիազորությունները։

Վեդի համայնքի ավագանու ՔՊ-ական կազմի այս որոշման վերաբերյալ 168.am-ը զրուցել է ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ։ Պարզվեց՝ ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու պատճառը նիստերին չներկայանալն է եղել։

Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ ՔՊ-ականների այս որոշումն իրենց համար սպասելի էր․

«Մենք գործ ունենք սուտասանների հետ, կհիշեք՝ 3 միլիոնանոց փողերի մասին, որ պետք է կոկորդիլոսաբուծարան սարքեին, ի՞նչ եղավ կոկորդիլոսաբուծարանը։ 40.000 հեկտար կաթիլային ոռոգման հարցերն ի՞նչ եղան, 0 վիճակ։ Մենք հարկ չենք համարել նման մարդկանց հետ գնալ ավագանու նիստի ու ստերի մասին որոշումներ կայացնել, նման ամիբիցիաներ ունեցող մարդկանցից միշտ հեռու ենք մնացել ու չենք մասնակցել նիստերին։

Կարդացեք նաև

Մենք առաջին նիստին գնացել և հայտարարել ենք՝ դուք, ձեր թիմը, մարդկանց ճնշումների տակ պահելով եք ընտրվել, դուք լեգիտիմ չե՛ք, մենք ոչ լեգիտիմ ավագանու անդամների հետ գործ չունե՛նք։

Հիմա նման որոշում են կայացրել, Աստված իրենց հետ էլ, մեզ հետ էլ։ Ապագան դեռ առջևում է, իհարկե, լրիվ այլ ապագա, ոչ իրենց խոստացածը, իրենց խոստացած ապագան թող իրենց գլխին կպնի»։

Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ իրենց փոխարինելու են «Իմ հզոր համայնք»-ի նախընտրական ցուցակի հաջորդ 11 անդամները։

«Մեր ցուցակի մյուս 11 անդամները կանցնեն, մինչև տեսնենք՝ հաջորդ քայլն ինչ է լինում։ Մեր ցուցակը 80 հոգի է, դեռ 7 անգամ էլ կարող են լիազորությունները դադարեցնել։ 7 անգամ 7 ամիս, կգա կհասնի իրենց ասած՝ 2050 թիվը»,- հեգնանքով ասաց Ռաֆիկ Անդրեասյանը։

Հարցին՝ իշխող ուժի նախընտրական խոստումներից ի՞նչ գործնական քայլեր են արվել համայնքում, Անդրեասյանը պատասխանեց.

«Բացարձակ ոչ մի բան չի կատարվել։ Ես կոնկրետ Ուրցաձոր համայնքի մասին ասեմ, բացարձակ ոչ մի բան չի արվել, ինչ էլ, որ հիմա կատարվում է, դեռ 2014 թվականին իմ գրած ծրագրերն են, այն էլ աղավաղված ձևով են կատարում, որը, բնականաբար, արդյունք չի տալիս։ Ուրցաձորը եզակի համայնքներից է, որն ունի զարգացման, սոցիալ-տնտեսական 30-ամյա պլան, որը ևս անտեսված է․․․ Դրական բան ես չեմ տեսնում։ Նայում ես, գրում են՝ էս առուն մաքրեցինք, էն առուն մաքրեցինք, առու մաքրելը ջրային տնտեսության գործն է, իրենց գործը չի։ Այդպիսի բաներ են անում, իրենց ռեկլամ անում, իբր աշխատում են, իսկ համայնքի զարգացման ծրագիր ես չեմ տեսել ու սպասելիք էլ չունեմ»։

Ամփոփելով զրույցը՝ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց՝ անկախ նրանից, իրենք ավագանի են, թե ոչ, եթե համայնքի շահը ոտնահարող քայլեր լինեն, էլի պայքարելու են դրանց դեմ։

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքի ավագանին կազմված է 27 ավագանու անդամներից, որոնցից 16-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է ներկայացնում, 11-ը՝ «Իմ հզոր համայնք»-ը։

Հիշեցնենք նաև, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում նախ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրություններ։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել՝ առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամներն ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

2022 թվականի հունվարի 10-ին ԿԸՀ-ն Արարատի մարզի Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունների անցկացման օր նշանակեց 2022 թվականի մարտի 27-ը։

Դրանից 5 օր առաջ՝ 2022 թվականի հունվարի 5-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել էր Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Արդեն 2022 թվականի մարտի 27-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Գարիկ Սարգսյանին հաջողվեց դառնալ համայնքապետ։ Իսկ այն խախտումները, որոնք արձանագրել էին լրատվամիջոցները, այդ թվում՝ 168.am-ը, իրավապահ մարմինների ուշադրությունից «դուրս մնացին»:

Տեսանյութեր

Լրահոս