Շինարարության ոլորտի իրանական ընկերությունների ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան
Վերջին ժամանակահատվածում տարբեր ուղղություններով բավական մեծ ակտիվություն է նկատվում հայ-իրանական հարաբերություններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ամփոփելով Իրան կատարած այցի արդյունքները, նշեց, որ ունեցել են հագեցած հանդիպումներով օրակարգ, գրանցվել են կոնկրետ պայմանավորվածություններ:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր նախարարությունը բավական լուրջ ներգրավվածություն ունի հայ-իրանական տարբեր ուղղություններով աշխատանքներում, դրանք բավական կարևոր ոլորտներ են: Դրանով են պայմանավորված մեր հաճախակի այցելությունները: Հերթական այցը բավական հագեցած էր հանդիպումներով: Նախ` ֆիքսեցինք մինչ այդ ունեցած պայմանավորվածությունների ընթացքը, ինչպես նաև ձեռք բերեցինք մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Դա նաև առնչվում է ճանապարհաշինության ոլորտին»,-ասաց Գնել Սանոսյանը:
Նախարարը նկատեց, որ Հայաստանում շինարարական աշխուժության գործում առկա է շինարարական ընկերությունների ու որոշ շինանյութերի պակաս: Այդ համատեքստում Իրանի գործընկերներին առաջարկվել է շինարարական ընկերություններին ուղղորդել Հայաստան:
«Արդեն կա պայմանավորվածություն այն մասին, որ առաջիկայում աշխատանքային խումբ կգա Հայաստան՝ կապված շինարարության ոլորտի հետ: Մեզ մոտ շինարարության ոլորտում բավական ակտիվություն կա տարբեր ուղղություններով՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցում, ջրագծեր, ջրամբարներ: Երկրում ցեմենտի լրջագույն խնդիր ունենք, հավելյալ ներկրելու կարիք կա: Ինչպես տեսնում եք համագործակցության լայն շրջանակ կա: Իրանի կողմից կա համագործակցության պատրաստակամություն: Ասեմ, որ աշխարհագրական առումով բավական հարմար է իրենց մասնակցությունը մեր շինարարական ծրագրերին: Ինչպես գիտեք մեր ծրագրերի բավական մեծ մասը բաժին է ընկնում Սյունիքի մարզին»,-ասաց Գնել Սանոսյանը:
Կարևոր ձեռքբերումներից էր նաև այն, որ որոշում է կայացվել «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը երկարաձգել մինչև 2030 թվականը։ Նախարարը տեղեկացրեց, որ հերթական քննարկման ժամանակ կարողացել են գալ ընդհանուր եզրահանգման և ունենալ բավական լավ փաստաթուղթ՝ հուշագրի տեսքով:
«Դա ենթադրում է մեկ ամսում համապատասխան աշխատանքային խմբերը կաշխատեն և բուն պայմանագրում նախանշված փոփոխություններ կարվեն: Դա բավական ձեռնտու է և՛ հայկական, և՛ իրանական կողմին, ռեալ հնարավորություն է Իրանից դեպի Հայաստան եկող գազի քանակը ավելացնելու, ինչպես նաև հակառակը՝ Հայաստանից դեպի Իրան գնացող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալն ավելացնելու համար»,-ասաց նախարարը:
Գնել Սանոսյանի խոսքով՝ այդ ամենի մեջ կարևոր գործոն է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Աշխատանքներն 85 տոկոսով արվել են: Նախարարը նշեց, որ փորձում են մեխանիզմներ գտնել խնդիրները հաղթահարելու և աշխատանքներն ավարտելու համար: Աշխատանքները նախատեսված են ավարտել 2023-ին:
Հեղինակ՝ Աննա Գզիրյան
Օպերատոր՝ Հովհաննես Մկրտչյան