Փաշինյանի շուրջ հավաքվածները սրբեր չեն, հասարակության նման մենք էլ ենք հիվանդ. Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 29-ին ՔՊ համագումարում կուսակցության վարչության անդամների ընտրության հաշվարկների հետ կապված խնդիրներին, նշեց, որ չունի պաշտոնական տեղեկատվություն, հետևաբար՝ չի կարող գնահատական տալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
«Ինքս որևէ բան չեմ բացառում, որովհետև քվեարկությունը տեղի է ունեցել բավականին բարդ տեխնիկական համակարգերի միջոցով, մյուս կողմից էլ՝ բաշխված ձայները բավականին իրար մոտ են եղել։ Հետևաբար՝ որևէ թեկնածուի մոտ կարող է վերահաշվարկի հարց առաջանալ։ Հիմա այդ վերահաշվարկը եղե՞լ է, թե՞ ոչ, այս պահին չգիտեմ»,- նշեց Հովիկ Աղազարյանը։
Հարցին՝ ՔՊ-ում հակասություններ կա՞ն, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
«Մարդկանց թվում է, թե բոլոր նրանք, ովքեր հավաքվել են Նիկոլ Փաշինյանի շուրջ՝ արդեն մոտ 5 հազար հոգի, ապա այնտեղ հավաքված են սրբերը։ Նման բան չի լինում, ինչպես հասարակությունն է հիվանդ, այնպես էլ հասարակության յուրաքանչյուր անդամը։ Կարող է պատահել, մեր թիմում քիչ հիվանդացած են, բայց ամեն մեկս էլ ունենք մեր թերությունները, և ամեն ինչ էլ հնարավոր է, և հնարավոր է, որ շատ հարցերի շուրջ երբեմն-երբեմն իմ ու իմ թիմակիցների միջև տարաձայնությունն ավելի խորն է, քան իմ ու ընդդիմադիր գործընկերների»։
Ըստ իշխանական պատգամավորի, ԱԺ նախագահը շատ ճիշտ է ասել, որ ինքը «ալենական» է, այդ դեպքում ինքն էլ «աղազարյանական» թևից է, և եթե իր երիտասարդ որոշ գործընկերներ միմյանց հետ ավելի հաճախ են սուրճ ու գարեջուր խմում, դա բոլորովին չի նշանակում, որ նրանք իր դեմ են։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում