«Մի՛ հավատացեք Կարո Փայլանին, մի՛ տարածեք թուրքական թեզեր»․ Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, որ Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը շատ բազմաշերտ է, լավ մշակված և ակտիվ կիրառվող հայտնի փաստ է, բայց որ այդ քաղաքականությունը երբեմն կիրառվում է նաև ծագումով հայ կերպարների միջոցով հայաստանյան հասարակությանը օբյեկտիվ պատճառներով, թերևս, այդքան էլ հայտնի չէ: Տարիներ շարունակ և քանիցս խոսել եմ թուրքական այդ գործելաոճի մասին, որի նորօրյա հերոսներից է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, ով կրկին այցելել է Հայաստան: Այն, որ Կարո Փայլանը որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ շատ բնական է և օրինաչափ, սակայն նաև փաստ է, որ նրա՝ հաճախ սխալ և թերի, ընկալումը հայաստանյան հասարակության մեջ կարող է դրական ազդել Թուրքիայի շահերի առաջ մղելու հարցում նույնպես փաստ է: Հայաստանում շատերը նրան ընդունում են զգացական ուրախությամբ, որը սակայն որևէ ռացիոնալ հիմնավորում չունի: Նա հանդիպում է քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ և եթե սա ունի Թուրքիայի մեսիջները փոխանցելու նպատակ, ապա նորմալ է. այսինքն՝ Կարո Փայլանին պետք է ընդունել որպես թուրքական մեսիջաբեր: Իսկ հայաստանյան հասարակության պարագայում Կարո Փայլանի կերպարի նման սխալ և զգացական ընկալումը շատ վտանգավոր է հատկապես ներկայումս, երբ մեր հասարակությունը դարձել է գրեթե անպաշտպան թուրքական «փափուկ ուժի» նման քայլերի դեմ:

Մինչդեռ, եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, թե ինչ թեզեր է առաջ քաշում թուրքական պառլամենտի պատգամավորը՝ «մինչև 1915-ը հայերն ու թուրքերը եղբայրաբար են ապրել» (սա կատարյալ կեղծիք է), «հիմա կա խաղաղության պատուհան» (իրականում՝ խաղաղություն թուրքական նախապայմանների ներքո), «Արցախի հայերի անվտանգության հարցն է կարևոր» (որևէ խոսք չկա Արցախի անկախության և ինքնորոշման մասին), «թշնամանքը պետք է դադարեցնել և կառավարել», «ազգայնականությունը և ռևանշիզմը խոչընդոտ է» և այլն: Այս նույն թեզերը, գրեթե բառացի նմանությամբ էլ ովքե՞ր են ասում. ճիշտ է՝ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Հայաստանում այս պահի իշխանության որոշ և որոշակի ներկայացուցիչներ, մերձիշխանական քարոզիչներ և օվկիանոսի այն կողմից երբեմն Հայաստան այցելող մի նախկին պաշտոնյա: Ի դեպ, արդյո՞ք պատահական են նույն ժամանակահատվածում Հայաստանում գտնվում Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը:

Ինձ համար՝ որպես թուրքագետի սա մասնագիտական ուսումնասիրության խնդիր է, ինչ-որ տեղ սպասելի և կանխատեսելի, սակայն հայաստանյան հասարակության համար ևս մեկ հարված է իր առանց այդ էլ թուլացած զգոնությանը և այդ հարվածը գալիս է հասարակության մեջ որպես «մեր Կարո» ընկալվող մեկից:

Խորհուրդս և խնդրանքս լրատվամիջոցներին, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ հնարավորինս անտեսեք Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Կարո Փայլանի և՛ այցը, և՛ կոչերը, և՛ կիրառվող հակահայաստանյան թեզերը, մի՛ հավատացեք նրան, դյուրահավատ մի՛ եղեք, տուրք մի՛ տվեք ազգային զգացմունքայնությանը: Կարո Փայլանը եղել և մնում է Թուրքիայում նեղ և սահմանափակ մտածողության՝ ձախակողմյա գաղափարախոսության կրող և նրա վերջին ելույթներում շատ հստակ տեսանելի է այդ ամենից չձերբազատված, կեղծ խաղաղասիրական և ժողովրդավարական կլիշեներով առաջնորդվող քաղաքական գործչի կերպարը, ով այդպես էլ չհասկացավ հայերենում ազգայնական և ազգայնամոլ բառերի իմաստային ու գաղափարական տարբերությունը:

Ես՝ որպես հայ թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում այս ամենը իմ հասարակությանը ասելը, ուստի խոսքս ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական:

Հ.Գ. Առաջիկա օրերին հասարակության լայն շրջանակներին փաստարկված և գիտականորեն կներկայացնեմ «խաղաղության դարաշրջանի» կեղծ գաղափարախոսական հենքի և դրա կերտողների մասին իմ թուրքագիտական վերլուծությունը՝ գրավոր և բանավոր»:

Տեսանյութեր

Լրահոս