«Իրականությունը սա է. Փաշինյանի ասածներն իրականությանը չեն համապատասխանում». Հակոբ Ճաղարյան
Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը, 2023 թվականի բյուջեն ներկայացնելիս, անդրադարձել է նաև ավիացիայի ոլորտին` նշելով, թե խոստացել էին, որ պայմաններ են ստեղծելու ոլորտի «վերածնվելու» համար։
«Ճիշտն ասած, ես այս մասին ցանկացա խոսել, քանի որ վերջին օրերին անընդհատ այց եմ ունեցել օտար երկրներ, դա տեսանելի է։ Օրինակ, հիշում եմ, 2018 թվականին, երբ վայէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիպում էի բացարձակ դատարկության։ Շատ հաճախ մեր օդանավակայանում գեթ մեկ օդանավ չկար, եղածներն էլ, եթե հատուկենտ պատահում էին՝ օտարերկրյա օդանավ էին։ Ես հաճույքով եմ արձանագրում, որ թռնելիս, մեկնելիս ու վերադառնալիս արձանագրում ենք հայկական օդանավերի առակայություն մեր օդանավակայաններում։ Տեսնում ենք՝ շարքն աճում է, այստեղ ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը․ այն պահին, երբ մենք հայտարարել ենք մասնավոր ներդրողի հետ կառավարության համատեղ ներդրմամբ ավիաընկերություն ստեղծելու մեր մտադրությունը, նաև մասնավոր դաշտում է դա հետաքրքրություն բերել և մասնավոր ներդրումներ էլ են եղել։
Այսօր մենք որոշակի աշխուժացում ենք նկատում ավիացիոն փոխադրումների ոլորտում, և հաճույքով եմ արձանագրում, սա ճշգրիտ վիճակագրություն չէ, այլ մոտավոր, որ չվերթերի մոտավորապես 30 տոկոսն իրականացնում են հայկական ավիաընկերությունները։ Իհարկե, ոլորտում մենք ունենք պրոբլեմներ, հայտնի «սև ցուցակ» և այլն, բայց ես համոզված եմ ՝ մենք ինստիտուցիոնալ կերպով այդ պրոբլեմները կհաղթահարենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում ավիացիոն փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն ասաց, որ առհասարակ ցանկություն չունի մեկնաբանելու Նիկոլ Փաշինյանի ասածները, փոխարենը՝ կարող է ներկայացնել ուղևորափոխադրումների քանակի որոշակի վիճակագրություն։
«Վաղուց նրա ասածները չեմ մեկնաբանում, որովհետև նա ասում է այն, ինչ ուզում է և երբ ուզում է։ Նիկոլ Փաշինյանի ասածները երբեք չեն համապատասխանում իրականությանը՝ ոչ մի հարցում։
Միշտ դժվարանում եմ հոգեկան ախտանիշներով մարդու որևէ խոսք մեկնաբանել, դա ինձ համար դժվար խնդիր է, որովհետև նա հավասարակշռված մարդ չէ։ Ուղղակի որևէ բան ասելուց առաջ ինքը պետք է ծանոթ լինի ոլորտին։
Եկեք տեսնենք 2018 թվականի և 2019 թվականի ուղևորափոխադրումների քանակը։
Սկսած 2010-2011 թվականներից ունեմ հետազոտություններ, ցանկության դեպքում նույնիսկ կարող եմ գրաֆիկի տեսքով ներկայացնել, թե ուղևորափոխադրումներն ինչպես են աճել։ Տարեկան 8-10 տոկոս Հայաստանում ողևորափոխադրումների թիվն աճել է 7, 8,10, 11 տոկոսով։ Մոտ 2 տոկոսով Հայաստանում օդով ուղևորափոխադրումների աճը զիջել է համաշխարհային ուղևորափոխադրումների աճին։ Միշտ է զիջել, բայց միշտ դինամիկ աճ ունեցել է։ Սա կապված է ամբողջ աշխարհում ուղևորափոխադրումների հետ, մաքսիմալ քանակությամբ ուղևորափոխադրումները եղել են 2019 թվականին, կարծեմ՝ 3 մլն 234.000 ուղևոր է եղել «Զվարթնոց» օդանավակայանով, որը նախորդ տարվանից շատ էր, նույն տրամաբանական 10 տոկոսը, ձեռքիս տակ այս պահին հստակ թվերը չկան՝ ընդհանուր պատկերն եմ ասում։
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 2018 թվականին օդանավակայանում օդանավ չկար, իսկ հիմա շատ են՝ սա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում»,- նշեց Հակոբ Ճաղարյանը։
Շարունակելով միտքը՝ Հակոբ Ճաղարյանն ասաց, որ այս ամենից զատ, 2020 թվականին կորոնավիրուսի ժամանակ գրանցվեց անկում, այնպես, ինչպես ամբողջ աշխարհում էր, ինչը տրամաբանական էր։ 2021 թվականին ամեն ինչ սկսեց վերականգնվել, սակայն այս տարի ուղևորափոխադրումների քանակը չի հասել 2018 թվականի մակարդակին։
«Իրականությունը սա է։ Եթե ուզում եք ճշտել թվերով, ապա պետք է դիմել օդանավակայանի տնօրինությանը, որպեսզի տրամադրի օդանավակայանում կատարված ուղևորափոխադրումների քանակը, ինչը կհամեմատվի Նիկոլի ասածի հետ, որի արդյունքում կստացվի իրական պատկերը։ Դրանից հետո կտեսնեք, թե որքանով է ճիշտ ասել մեր երկրի գլխավոր աթոռը զբաղեցնողը»,- եզրափակեց Հակոբ Ճաղարյանը։