Իրանը «Գազպրոմ»-ի հետ 6,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր է կնքել
Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարին հայտնել է ռուսական պետական «Գազպրոմ» ընկերության հետ ընդհանուր առմամբ 6,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր կնքելու մասին։
Նշվում է, որ այդ պայմանագրերը հանդիսանում են 40 միլիարդ դոլար կազմող համաձայնագրի մի մասը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են ընթացիկ տարվա ամռանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։
Անցյալ շաբաթ կողմերը ստորագրել են դեպի Ռուսաստան իրանական արտադրության 40 գազային տուրբինների մատակարարման մասին։
Գործարքի արժեքը չի հրապարակվել, սակայն նշվել է, որ դա Իրանի նորագույն պատմության մեջ տեխնոլոգիական ոլորտում ամենից խոշոր արտահանման գործարքն է։