
2023 թվականից սկսած պետական աշխատողները կշարունակեն ստանալ պարգևավճարներ՝ բարձր աշխատավարձի տեսքով

2023 թվականի պետական բյուջեով պաշտոնյաների համար պարգևավճարներ նախատեսված չեն, փոխարենը, այդ պարգևավճարները գումարվելու են նրանց աշխատավարձերին, և դրանով բարձրանալու է աշխատավարձը։
2023 թվականի բյուջեով 25 միլիարդով նվազեցվել է պարգևավճարների ֆոնդը և 25 միլիարդ դրամով ավելացել է պաշտոնյաների աշխատավարձերի ֆոնդը։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն այսպես պարզաբանեց.
«Կառավարությունը 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնելու օրենք է բերելու ԱԺ, դրան համապատասխան կավելանա նաև բազային աշխատավարձը, հետևաբար՝ հանրային հատվածում պետական ծառայողների, աշխատողների աշխատավարձերը։ Երկու բան է տեղի ունեցել, երբ մենք հաշվարկում ենք այդ բազային աշխատավարձերը, մասամբ դրանք ֆինանսավորվում են այն զուտ ավելացումների հաշվին, որը կառավարությունը կգումարի աշխատավարձի ֆոնդին, իսկ դա 21 մլրդ դրամ է այս տարվա համար։ Մի մասը, որն անցյալում պարգևավճար էր, կվերահաշվարկվի՝ որպես աշխատավարձ։ Այսինքն՝ այն, ինչը մենք կոչում էինք պարգևավճար, կլինի պետական աշխատողների աշխատավարձի մի մասը»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։