Տնտեսության անկասելի ընթացքը

Նույնիսկ Ադրբեջանի սեպտեմբերյան լայնածավալ ագրեսիան չի կանգնեցրել Հայաստանի տնտեսության սրընթաց աճը։ Այն շարունակել է հաղթարշավը։ Թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերյան ագրեսիայի օրերին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Ադրբեջանը դրանով փորձում է կասեցնել մեր տնտեսության առաջընթացը։

Բայց դատելով տնտեսության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակված ցուցանիշներից՝ Ադրբեջանին դա չի հաջողվել։

Սեպտեմբերյան էսկալացիան չի կանգնեցրել մեր տնտեսության աճը։ Ոչինչ, որ դրա հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվեցին, տնտեսության որոշ ճյուղեր լուրջ վնասներ կրեցին, մինչև հիմա էլ շարունակում են կրել, թշնամին մի քանի կիլոմետրով էլ մոտացավ մեր բնակավայրերին՝ մեծացնելով նաև տնտեսական անվտանգության հետ կապված ռիսկերը, Հայաստանը նոր տարածքային կորուստներ կրեց։ Այդ պայմաններում էլ, պարզվում է, տնտեսությունը չի կորցրել իր կենսունակությունն ու շարունակել է հաղթարշավը։

Այնպիսի տպավորություն է, որ մեր տնտեսության համար էական չեն սահմանային լարվածություններն ու էսկալացիաները, անվտանգության հետ կապված խնդիրները, տարածաշրջանային հակասություններն ու սրացումները, մեր երկրում տարբեր պետությունների դեսպանատների ահասարսուռ հայտարարություններն ու կոչերը՝ ուղղված իրենց քաղաքացիներին։ Այս ամենը տնտեսության ու բիզնեսի կողքով կարծես չի էլ անցնում։ Տնտեսությունն իր հունով գնում է։

Արդեն համաշխարհային մակարդակի ու երբևէ չեղած աճեր ենք արձանագրում։

«2022թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,6 տոկոսով, իսկ 2022թ. առաջին 9 ամիսներին` 14,1 տոկոսով։

Հիշեցնեմ, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003թ., երբ արձանագրվել է 14 տոկոս ՀՆԱ աճ»,- ֆեյսբուքյան իր գրառմամբ շտապել է կառավարության արձանագրած ռեկորդային աճերով կիսվել էկոնոմիկայի նախարարը։

Պաշտոնական վիճակագրության կողմից տարեսկզբի 9 ամիսներին գրանցած 14,1 տոկոս տնտեսական ակտիվության աճը դեռ ՀՆԱ իրական աճ չէ, բայց մոտ է դրան, գուցե մի փոքր ավելի քիչ։ Թեև տնտեսությունը դեռ ճանապարհին է, ու մինչև տարեվերջ ևս 3 ամիս կա։ Ու եթե շարունակեն այսպիսի աճեր գրանցվել, ապա տարեվերջին էկոնոմիկայի նախարարը հաստատ ռեկորդային աճի մասին գրելու առիթ կունենա։

Տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում պաշտոնական վիճակագրությունը շարունակում է երկնիշ աճեր գրանցել։ Միակ բացառությունը գյուղատնտեսությունն է, որտեղ ոչ միայն աճ չկա, այլև պահպանվում է անկումը։ Առաջին երեք եռամսյակների տվյալներով, գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալները կրճատվել են ևս 0,7 տոկոսով։

Հիշեցնենք, որ վերջին 4-5 տարիներին տնտեսության այս ճյուղում երբևէ աճ չի գրանցվել։ Այն մշտապես եղել է անկումային, չնայած այս ընթացքում կառավարությունը պետական միջոցների հաշվին միլիարդավոր դրամների սուբսիդավորում է իրականացրել։ Բայց դրանից գյուղատնտեսության վիճակը փաստացի չի բարելավվել, ու այն շարունակել է արտադրության ծավալների կորուստներ ունենալ։

Որ այդ գումարներն անարդյունավետ ու աննպատակ են ծախսվել, որ ընտրված մոտեցումները ճիշտ չեն եղել, որ դրանք չեն տվել այն արդյունքը, ինչը պիտի տային, որ դրանք գյուղատնտեսությանն օժանդակելու փոխարեն՝ ծանրացրել են գյուղացու վարկային բեռը, վերջերս անուղղակիորեն խոստովանեց նաև կառավարությունը՝ որոշելով դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։

Տնտեսության այլ ճյուղերի համատարած աճերի ֆոնին՝ գյուղատնտեսությունն այս տարի էլ պահպանում է անկում։ Փոխարենը՝ մյուս ոլորտները «վերելքի» մեջ են։

Ամենաբարձր աճը շարունակում է գրանցել ծառայությունները։ Օգոստոսին այստեղ որոշակի պասիվացում նկատվեց՝ նախորդ ամսվա համեմատ, բայց սեպտեմբերին այն կրկին վերականգնվել է։ Ենթադրվում է, որ դրա վրա ազդել են այն նոր հոսքերը, որոնք հայտարարված մասնակի զորահավաքից հետո սկսվեցին Ռուսաստանից։ Բազմաթիվ քաղաքացիներ շտապեցին լքել Ռուսաստանը և տեղափոխվել այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

Մինչև այդ էլ ծառայությունների աճերը հիմնականում արտաքին պահանջարկի հետ էին կապված, սեպտեմբերին պահանջարկը հավանաբար էլի ավելացել է։

Ծառայությունների ոլորտում պահանջարկով պայմանավորված աճի ամենամեծ ազդեցությունը երևում է ֆինանսական հատվածի վրա, որտեղ աճը հասնում է 40-45 տոկոսի։ Այն կապված է հիմնականում ֆինանսական միջոցների փոխանցումների ու բանկային միջնորդավճարների հետ։

Սեպտեմբերին Ռուսաստանից փոխանցված պահանջարկի աճը նկատվել է նաև ներքին առևտրի վրա, որտեղ ևս, օգոստոսի մեկամսյա նվազումից հետ, որոշակի վերականգնում է արձանագրվել։

9 ամսվա տվյալներով, ծառայությունները՝ 27,1, ներքին առևտուրը՝ 14,5 տոկոսի աճ է ունեցել։ Վերջինը հիմնականում մեծածախ առևտրի հաշվին է։ Մանրածախ առևտրի աճը շատ փոքր՝ հազիվ 2-2,5 տոկոս է կազմում։

Աներևակայելի աճեր են գրանցվում արտաքին առևտրում՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման պարագայում։ Սեպտեմբերին նոր ռեկորդներ են սահմանվել. արտահանումն ավելացել է 2,5 անգամ, ներմուծումը՝ ավելի քան 82 տոկոսով։ Տպավորություն է, որ մեկ տարում սպառողներն այնքան են հարստացել, որ սկսել են գրեթե կրկնակի ավելի շատ սպառել։ Այդ պահանջարկը բավարարելու համար էլ դրսից մեծաքանակ ներմուծումներ են իրականացվել։

Ավելի քան 82 տոկոսանոց ներմուծման աճն այլ պայմաններում սա է նշանակում։ Բայց վաղուց բոլորն արդեն գիտեն, թե դա ինչով է պայմանավորված։

Ներմուծում ենք ու հետո տեղափոխում Ռուսաստան։ Դրա համար ունենք արտահանման այսպիսի աներևակայելի աճ։

Ռուսական շուկայում մեկ տարվա ընթացքում մեր արտահանման կշիռն ավելացել է 9 տոկոսով՝ ընդհանուր արտահանման մեջ 27,3-ից հասնելով 36,3 տոկոսի։ Եթե նույնիսկ չափից շատ ուզենայինք ու անգամ համաշխարհայինից բարձր տնտեսական աճեր ունենայինք, մեկ տարվա կտրվածքով նման փոփոխությունն անհնարին կլիներ։ Պարզապես ծիծաղելի են այն մեկնաբանությունները, որ ռուսական շուկայում նոր տարածքներ են բացվել մեր տնտեսության արտահանելի հատվածի համար, ու դրանով են պայմանավորված արտահանման աճերը։ Ռուսական շուկայում տարածքներ իսկապես բացվել են, բայց արտահանման այսպիսի աճը քիչ կապ ունի տեղական ապրանքների մատակարարումները հետ։ Շատ ավելի մեծ է վերարտահանումների մասնաբաժինը։

Դա էլ բերել է արտաքին առևտրի այսպիսի ճոխությունների. 9 ամսում արտահանումն աճել է՝ գրեթե 64, ներմուծումը՝ գրեթե 62 տոկոսով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս