Տնտեսական աճի արդյունքներն համաչափ բաշխվելու մասին հայտարարությունները խաբկանք էին․ հասարակությունն էլի աղքատանում է

Հայաստանի տնտեսությունն այս տարի բարձր տեմպերով աճում է։ Նույնիսկ երկնիշ աճ ունենք։ Տնտեսական ակտիվությունը, 8 ամիսների տվյալներով, հասել է ընդհուպ 13,9 տոկոսի։ Բոլոր ոլորտներում բարձր աճեր են։

Թվում է, թե դա պիտի հանգեցներ նաև երկրում սոցիալական իրավիճակի նույնքան ակտիվ բարելավման։ Բայց տնտեսության բարձր աճին զուգահեռ՝ սոցիալական իրավիճակը մեր երկրում գնալով մի բան էլ վատանում է։ Տեղի է ունենում աղքատության խորացում։ Հասարակության մեծ մասն այդպես էլ չի զգում տնտեսական աճի ազդեցությունը։

Այդպես է, որովհետև այն չէ տնտեսական աճի կառուցվածքը։ Տնտեսությունն աճում է ոլորտների հաշվին, որոնց ազդեցությունը հավելյալ արդյունքի ստեղծման վրա շատ թույլ է։

Աճում են ծառայություններն ու առևտուրը։ Երկու դեպքում էլ աճերը կապված են արտաքին գործոնների հետ։ Ավելացել են մարդկային ու կապիտալի հոսքերը, որոնք ներքին շուկայում լրացուցիչ պահանջարկ են առաջացրել։ Այդ պահանջարկն էլ հանգեցրել է առևտրի և ծառայությունների բարձր աճերին։ Սա մեր քաղաքացիների սոցիալական վիճակի հետ գրեթե կապ չունի, ինչը երևում է նաև մանրածախ առևտրի ցուցանիշներում։

Չնայած դրսից թելադրված լրացուցիչ բավական մեծ պահանջարկին՝ մանրածախ առևտրի ոլորտում աճը շատ համեստ է, տատանվում է հազիվ 2-2,5 տոկոսի սահմաններում։ Այն էլ հիմնականում բարձր գնաճի հաշվին է։

Մեծածախ առևտուրն է ավելի բարձր տեմպերով աճում, բայց դա արտաքին աշխարհում և հատկապես ռուսական շուկայում ստեղծված իրավիճակի հետևանք է։ Դրանով է պայմանավորված նաև մեր արտաքին առևտրի ցուցանիշների կտրուկ ակտիվացումը։ Նախորդ տարվա համեմատ ներմուծումների 50-60 տոկոսանոց աճ ունենք։ Այդքանով ավել ապրանքներ են ներկրվել Հայաստան։

Պարզ է, թե ինչու են ներկրվել, երբ ներքին շուկայում այդքան պահանջարկ չկա։ Դա ակնհայտ է արտահանման ցուցանիշներում, որտեղ ևս բարձր աճեր են գրանցվում, այն էլ՝ ներքին տնտեսության արտահանելի հատվածներում ի հայտ եկած բազմաթիվ խնդիրների ու դժվարությունների պարագայում։

Արտաքին գործոնների արդյունքում ներքին ու արտաքին առևտրի հսկայական աճեր են գրանցվում, որոնք իրենց ազդեցությունն են ունենում տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Բայց դրանց սոցիալական ազդեցությունը շատ թույլ է։ Քչերն են օգտվում այդ ազդեցությունից։

Հիմնականում այդպես է նաև տնտեսության մյուս ոլորտներում։ Հասարակության շատ փոքր մասին են հասու տնտեսական աճի բարիքները։ Դրանից զրկված են ոչ միայն չաշխատող, այլև, շատ հաճախ, աշխատող քաղաքացիները։

Այդպես է, որովհետև տնտեսության աճը ներառական չէ։

Այն, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե տնտեսական աճի արդյունքները պետք է համաչափ բաշխվեն հասարակության տարբեր շերտերի միջև, խաբկանք էր։ Տնտեսության արդյունքներն այսօր էլ վայելում են հարուստները, իսկ աղքատները զրկված են դրանից։

Կառավարությունը չի կատարում տնտեսության արդյունքները վերաբաշխելու իր գործառույթը։

Դա է պատճառը, որ մեր երկրում սոցիալական բևեռացումը վերջին տարիներին ոչ միայն չի թուլացել, այլև խորացել է. ավելացել են աղքատները, տեղի է ունեցել աղքատության սրացում։ Այս տարի միտումն առավել ևս բացասական է՝ չնայած արձանագրվող բարձր տնտեսական աճին։

Հասարակության կեսից ավելին ունեն աղքատության գծից ցածր եկամուտներ։ Որքան էլ իշխանություններ ջանան ցույց տալ, որ աշխատավարձերը՝ տնտեսական աճին համաչափ, բարձրանում են, այդպես է միայն առաջին հայացքից։ Ու դա շատ լավ երևում է նույն պաշտոնական հրապարակումներից։

Տարեսկզբի 8 ամիսների տվյալներով, միջին աշխատավարձի երկնիշ բարձրացում է գրանցել պաշտոնական վիճակագրությունը։ Այն հասնում է 12,9 տոկոսի։ Թվում է, թե վատ արդյունք չէ։ Բայց, երբ խորանում ենք աճի կառուցվածքի մեջ, տեսնում ենք, որ դա եղել է տնտեսության սահմանափակ ոլորտների հաշվին, որտեղ զբաղվածների քանակը մեծ տոկոս չի կազմում ընդհանուրի մեջ։ Շատ ոլորտներում աշխատավարձերը գուցե և որոշ չափով ավելացել են, բայց անհամեմատ ավելի քիչ, քան արձանագրված գնաճն է։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, տասներկուամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,9 տոկոս։

Սա առնվազն կրկնակի բարձր է բազմաթիվ ոլորտներում աշխատավարձերի աճից՝ սկսած կրթությունից ու մշակույթից, վերջացրած առողջապահությամբ, առևտրով, արդյունաբերության ու ծառայությունների շատ ճյուղերով։ Նույն մշակող արդյունաբերության մեջ, որի վրա է նստած արդյունաբերության այս տարվա աճը, անվանական աշխատավարձն ավելացել է ընդամենը 5-6 տոկոսով, իսկ իրական աշխատավարձը, բնականաբար, նվազել է։

Աշխատավարձերի այսպիսի դանդաղ աճն ու դրան ոչ համարժեք գնաճն էլ հանգեցրել են երկրում սոցիալական լարվածության խորացման։ Աշխատող քաղաքացիների մեծ մասն այսօր բախվել է այդ խնդրի հետ։

Շուրջ 690 հազար հայտարարագրված աշխատողներից գուցե 100-150 հազարի պարագայում այլ պատկեր ունենք։ Բայց դա եղանակ չի ստեղծում։ Եթե այդ 100-150 հազարը սկսել է ավելի շատ վաստակել ու ավելի լավ ապրել, ապա մնացած 540-590 հազարի սոցիալական վիճակը վատացել է։

Պարզ է, թե ինչպիսին է սոցիալական պատկերը չաշխատող ու պետական նպաստներով գոյատևող քաղաքացիների պարագայում։ Երեք հազար դրամ կենսաթոշակի կամ նպաստի բարձրացումը, որը կառավարությունը որպես մեծ բարեհոգություն է ներկայացնում, ոչ մի կերպ չի տեղավորվում արձանագրված գնաճի հետևանքների մեջ։ Դեռ չհաշված, որ գնաճը միայն այս տարվանով չէ, որ սահմանափակվում է։ Անցած տարի էլ այն պակաս բարձր չէր, չնայած այդպես էլ կառավարությունը ոչ մի քայլ չարեց դրա ազդեցությունը հասարակության սոցիալական հատվածի վրա ինչ-որ կերպ մեղմելու համար։

Երբ համախառն գնաճը համադրում ենք մարդկանց եկամուտների աճի հետ, ակնհայտ է դառնում, թե ինչո՞ւ է մեր երկրում տեղի ունենում սոցիալական իրավիճակի վատացում, այն էլ տնտեսության բարձր աճի պայմաններում։ Տնտեսությունն աճում է, իսկ արդյունքները վայելում են քչերը։ Հասարակության հիմնական մասը շարունակում է անմասն մնալ դրանից։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս