Կենտրոնում 1 սենյականոց բնակարանի վարձակալումը մեկնարկում է՝ 400.000, ծայրամասերում՝ 200.000 դրամից. Վահե Դանիելյան

Ռուսաստանից եկած ռելոկանտների ներկայությունը Հայաստանում բնակարանների վաճառքի և վարձակալության գների շոկային աճի հիմնական գործոն է դիտարկվում: Պահանջարկով պայմանավորված՝ վաճառքի ու վարձակալության գների չափազանց բարձրացումը խնդրահարույց է տեղաբնակների համար:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը կարծում է, որ վարձակալության շուկայի գները մաքսիմումի վրա են, և այդ պատճառով օտարերկրացիները Հայաստանն արդեն դիտարկում են իբրև տարանցիկ երկիր:

«Երևան քաղաքում անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ՝ առնվազն 50 տոկոսով թանկացել են անշարժ գույքի գները: Վարձակալությունը կապված է ՌԴ շուկայից. այժմ այդքան շատ ռուսաստանցիներ չկան, ինչպես 20 օր առաջ, բայց եթե այնտեղ նորից զորահավաք սկսվի, նորից կգան, եթե չսկսվի, ՌԴ քաղաքացիներն աստիճանաբար կվերադառնան, և վարձակալության շուկայի գները կնվազեն:

Մեր հարևան երկրների համեմատ՝ շատ բարձր են Հայաստանի գները. ՌԴ քաղաքացիներից շատերը Հայաստանից գնում են այլ երկրներ, որովհետև այստեղ շատ թանկ է իրենց համար»,- նշեց Վահե Դանիելյանը:

Ի դեպ, «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրենը մի քանի թվեր ներկայացրեց։

Այսպես՝ Երևանի Կենտրոնում մեկսենյականոց բնակարանի վարձակալումն այս պահին մեկնարկում է 400.000 դրամից, երեք սենյականոց բնակարաններ կարելի է գտնել 700-800.000 դրամի միջակայքում, ծայրամասերում վարձակալության գինը մեկնարկում է 200.000 դրամից:

«Հիմնականում պահանջված են 1-2 սենյակները, մաքսիմում՝ 3: Ծայրամասերում եթե նախկինում 80.000, 100.000 դրամով բնակարաններ կարող էին վարձակալել, այժմ՝ 200.000, 150.000-ով գուցե մի կերպ կկարողանան մեկսենյականոց գտնել: Իրականում, այստեղի բնակչության համար շատ անհարմար պայմաններ են. շատ ուսանողներ, շատ մարդիկ մարզերից, որ Երևանում վարձով էին ապրում, այս վիճակն իրենց համար շատ խնդիրներ է առաջացրել,- մանրամասնեց Վահե Դանիելյանը՝ նկատելով, որ գները գուցե պահպանվեն և կտրուկ գնաճի ականատես չենք լինի,- Ամեն ինչ կախված է նաև արտաքին և ներքին քաղաքական իրավիճակից՝ կայունություն, պատերազմի վտանգ: Անշարժ գույքի շուկան շատ զգայուն է, և սահմանների վրա մի թեթև կրակոցն արդեն ազդում է: Օրինակ, մենք զգացել ենք մեզ վրա. մի քիչ կրակոցներ են լինում, երկու-երեք օր զանգեր չենք ստանում, կամ զանգահարում են վաճառողները և ոչ թե գնորդները: Դրա համար կանխատեսում անելը շատ դժվար է»:

Ի դեպ, Կադաստրի կոմիտեն հրապարակել է 2022 թվականի սեպտեմբերի շուկայի վերլուծությունը,  ըստ որի, 2022 թվականի սեպտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17,373 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 7.2 տոկոսով քիչ է օգոստոսի ցուցանիշից և 5.4 տոկոսով ավել՝ 2021 թ. սեպտեմբերի համեմատ (սեպտեմբերին գործարքների թիվը 16,483 էր): Սեպտեմբեր ամսին գրանցվել է առքուվաճառքի 4106 գործարք. անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը 4946 էր:

Երևան քաղաքում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների առավել բարձր  (21.4 % ) տոկոսաչափ է արձանագրվել Արաբկիր վարչական շրջանում, իսկ ավելի ցածր՝ Նուբարաշենում (0.7 տոկոս):

Տեսանյութեր

Լրահոս