«Ես դեմ եմ ոչ միայն միջանցքին, այլև ճանապարհ տալուն դեպի Նախիջևան». Վազգեն Մանուկյան

Հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» 5-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում, Հայաստանի նախկին վարչապետ, նախկին ՊՆ նախարար Վազգեն Մանուկյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարություններին։

Ըստ Վազգեն Մանուկյանի, Պուտինի խոսքով՝ Արցախի 5 շրջանները Հայաստանը վերադարձնելու էր Ադրբեջանին՝  նրա կողմից Արցախի անկախությունը ճանաչելու համար։

«Նրա անդրադառնալը նաև այն էր նշանակում, որ ռուսական ծրագրում, որքանով ես գիտեմ, նշվում է, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում և մնում է հետոյին։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արցախի հարցի հետագա քննարկումից, որը համարում եմ դրական»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է հոկտեմբերի 31-ին Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ Պուտինն առաջարկի վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ, Վազգեն Մանուկյանը պատասխանեց՝ ենթադրություններ չի անի։

Կարդացեք նաև

«Դիրքորոշումները շատ պարզ են, եթե դուք խորանաք Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի շահերի ու նպատակների մեջ, ապա այդ շահերը ճանաչելով՝ պետք է որ Ռուսաստանը չհամաձայնվի»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանում հակառուսականության քարոզչությանը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ այստեղ զարմանալին այն է, որ ասում են, թե Ռուսաստանն իրենց համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։

«Եթե նման բան են ասում, ուրեմն՝ Թուրքիային ու Ադրբեջանին թշնամի են համարում, այսինքն՝ ասում են, որ մեր թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն՝ վտանգավոր է։ Դրանից հետո անտրամաբանական հետևություն, թե Ռուսաստանին այստեղից պետք է դուրս քշել։ Ստացվում է, որ մնում է երկու թշնամիների հետ, սրա վերաբերյալ էլ ասում են, թե Արևմուտքը կգա այդ տեղը կզբաղեցնի»,- շեշտեց նա։

Շարունակելով միտքը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի և Արևմուտքի արանքում, բայց ի վերջո նրա հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի՝ իհարկե Ռուսաստանի հետ։

«Այն ծրագրերը, որոնք ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ, ուզում է թուրանական մեծ պետություն կառուցել, և այդտեղ իր թշնամին դառնալու է Ռուսաստանը։ Այսինքն՝ ուշ թե շուտ բախում է  լինելու Թուրքիայի ու Ռուսաստանի միջև»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանն է «միջանցք» ուզում, Վազգեն Մանուկյանը նշեց, որ առհասարակ թե Սյունիքը, թե «միջանցքը» շատ կարևոր են  թուրքախոս ժողովուրդների համար՝ նոր չէ, 100 տարի առաջ էլ էր այդպես։

«Ամենայուղալի պատառը, որն ուզում է  ունենալ Թուրքիան՝ Սյունիքն է, և որոշ դեպքերում կարող է բավարարվել «միջանցքով», ուշ թե շուտ մտածելով, որ «միջանցքը» կդարձնի ամբողջություն։ Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է։ Թե ինչ պայմանավորվածություն ունեն Ռուսաստանի հետ, դե Ռուսաստանին ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ Սյունիքում, որովհետև եթե վերահսկման որևէ բան լինի, Ռուսաստանն իր վրա է վերցնում»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս