«Մեր գյուղը երեք կողմից շրջափակված է». Խոզնավարի նախկին վարչական ղեկավար

Սահմանամերձ շրջանների բնակիչները չեն հավատում, որ սեպտեմբերի 13-ից հետո հաստատված փխրուն հրադադարը կարող է երկար տևել, որովհետև իրենց առջև Ադրբեջանն է կանգնած, որին չեն կարող վստահել՝ փորձն է այդպես ցույց տալիս։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի նախկին վարչական ղեկավար Վարո Գրիգորյանի խոսքով՝ թեպետ վերջին շաբաթներին թշնամին չի կրակում, բայց սա չի նշանակում, որ խաղաղություն կարող է լինել, դա միամտություն կլինի, որովհետև թշնամին  մի քանի կիլոմետր ներխուժել է ՀՀ տարածք։

«Առայժմ վիճակը նորմալ է, կրակոցներ դեռևս չկան, ամեն մեկն իր գործին է։ Դե, ստեղծված իրավիճակում մարդկանց մոտ ավելի շատ անորոշություն կա, զբաղմունք չունենք, անասնապահությունն իսպառ վերացել է։ Թշնամին առաջ է եկել, դաշտերի մեծ մասը նրա վերահսկողության տակ է։ Նախկինում գյուղում 1200 խոշոր եղջերավոր է եղել, հիմա մնացել են մոտ 300 գլուխ անասուն»,- նշեց Վարո Գրիգորյանը։

Ըստ նրա, սեպտեմբերի 13-ից հետո, գյուղից դուրս եկած բնակիչների մի մասն արդեն վերադարձել է։

Կարդացեք նաև

«Մի քանի հոգի կան, որ դեռևս չեն վերադարձել»,- հավելեց նա։

Խոզնավար գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ թշնամին դեռ նախորդ տարվանից անընդմեջ կահավորում է իր դիրքերը։

«Մեր գյուղը երեք կողմից շրջափակված է, թշնամու դիրքերը երեք կողմից դրված են, թեպետ մեր դիրքերն էլ իրենց դիմաց են դրված, բայց մեկ է՝ նրանց վստահել պետք չէ, ամեն պահի կարող են կրակել ու սադրանքների դիմել։

Ինչ վերաբերում է  Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մինչև տարվա վերջ պետք է ստորագրի «խաղաղության պայմանագիրը», ապա դա էլ մեզ համար խաղաղության երաշխիք չէ։ Խաղաղության երաշխիքը փամփուշտ ունենալն է, զենքն է խաղաղություն բերում։ Տեսնում ենք, էլի, անընդհատ առաջ են գալիս, դրանով խաղաղություն կլինի՞։ Թշնամին խաղաղ բնակիչներին մորթող է, եթե որևէ պետություն դրանց չօգնի, ինչպես 90-ականներին, դրանց ջարդը կտանք, կսսկվեն։ Մենք այն ժամանակ էինք հաջողում, հիմա ի՞նչ»,- ընդգծեց Վարո Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս