«Մեր ապտակ հասցնելու ժամանակը գալու է, ուղղակի դրա համար մի քիչ ժամանակ է պետք». Շուշիի քաղաքապետ

Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի համար անհասկանալի են այն հայտարարությունները, որ ամեն ինչ պետք է անել արցախահայության որոշակի իրավունքների և անվտանգության ապահովման համար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր մնաց արցախահայության ինքնորոշման իրավունքը։

«Արցախցու ճակատագիրը միշտ պայքարելն է, նորից պետք է պայքարենք։ Այլևս անհնարին է ապրել Ադրբեջանի լծի տակ, Ալիևն ասում է՝ եկեք մեր լծի տակ ապրեք, որ լավ լինի, մենք դրանց լավը բազմիցս տեսել ենք։ Ասում են՝ խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, բայց մենք ամեն օր տեսնում ենք բախումներ, դրանց հետ խաղաղ ապրելն անհնարին է։

Անորոշ վիճակ է, չգիտենք՝ ինչ կլինի, թեպետ հույսներս պահում ենք, որ մի օր լավ է լինելու, որովհետև այսպես ապրել հնարավոր չէ,  ապրել նման պայմաններում, երբ թուրքը քեզանից վերև է նստած՝ անհնարին է։ Ադրբեջանցին այն ազգը չէ, որ հույս կապենք, թե խաղաղ կապրենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արծվիկ Սարգսյանը։

Ըստ նրա, ազգը պետք է միավորվի այնպես, ինչպես 1988 թվականին է եղել, իսկ պառակտիչներին հեռացնել, որ չկարողանան պառակտել ազգը։

Կարդացեք նաև

«Մեր ապտակ հասցնելու ժամանակը գալու է, ուղղակի դրա համար մի քիչ ժամանակ է պետք։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը Արցախի հարցը չի կարող լուծել, որովհետև արցախցին իրեն չի ընտրել, բա թող նոյեմբերի 9-ին էլ ասեր, որ լիազորված չէ որևէ բան ստորագրելու, չէ՞ որ կռիվը Արցախի համար էր։ Հրաժարվեր, չստորագրեր, ասեր ի վիճակի չէ, մարդիկ գային, ուժերը համախմբեին ու հակահարված տային։ Բայց ստորագրեց, հանձնեց, հիմա էլ ասում է՝ մենք Արցախի հետ կապ չունենք։ Արցախի 75 տոկոսը տվեց, հիմա Հայաստանի վիճակից գո՞հ է, աստիճանաբար Հայաստանն էլ է տալիս։ Այն ժամանակ կռիվը Հայաստանից հեռու էր, բայց հիմա մտել է Հայաստան»,- հավելեց Արծվիկ Սարգսյանը։

Շարունակելով, Շուշիի քաղաքապետն ասաց, որ այսօր ՀՀ իշխանությունն ասում է՝ Արցախի մասին չխոսեմ, որ Հայաստանին չվտանգեմ, մոռանալով, որ արդեն իսկ Հայաստանը վտանգել է։

«Թշնամին այսօր Ջերմուկի բարձունքներում է։ Ալիևը մտածում է՝ հիմա ինչքան հնարավոր է՝ վերցնի, քանի հնարավորություն ունի, տարբեր հատվածներից տարածքներ գրավի։ Այդպես է անում, որովհետև գիտի, ինչքան էլ առաջ գա՝ Հայաստանի իշխանությունը ձեռքը չի բռնի։

Ինձ հաճախ են ասում, թե ինչ է լինելու, միշտ ասում եմ՝ լավ է լինելու։ Մենք մեր հայրենիքը կազատագրենք, բայց ցավոք, մեր ունեցած զոհերին չենք կարող հետ բերել»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս