Ողջունում եմ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման կարողությունների գործարկումը. Ռումինիայի ԱԳ նախարար
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ առաքելության գործարկմանը:
«Ես ողջունում եմ Հայաստանում ԵՄ մշտադիտարկման կարողությունների գործարկումը, ինչպես որոշվել էր ԵՄ արտաքին գործերի խորհրդի կողմից՝ հիմնվելով Հարավային Կովկաս ավստրիացի և լիտվացի գործընկերներիս հետ շրջագայությունից հետո իմ ներկայացրած առաջարկի վրա»,-գրել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին։ Հանդիպման ընթացքում առաքելության անդամները ներկայացրել են մինչ այս Հայաստանում տեղի ունեցած հանդիպումների ու այցելությունների արդյունքները։
Կողմերը քննարկել են հոկտեմբերի 6֊ի պրահյան հայտարարության համաձայն Հայաստան-Ադրբեջան սահմանի երկյանքով տեղակայվելիք ԵՄ մշտադիտարկման առաքելության լիազորությունների, տեղակայման վայրերի և այլ մանրամասները:
ԵՄ մշտադիտարկման առաքելության նպատակն է լինելու նպաստել տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության կառուցմանը և սահմանային անվտանգության ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին։
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։