Բաժիններ՝

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն ամփոփվել է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ

Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն իր փակումը հայտարարել է հոկտեմբերի 22-ին` ռեժիսոր-խորեոգրաֆներ Ուոլթեր Մաթեինի և Ինա Բրոեքսի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումմամբ։ Այն հանդիսատեսի դատին հանձնել է իտալական IM Perfect թատերախումբը Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։

IM Perfect թատերախումբը շրջագայում է ամբողջ աշխարհում և համագործակցում տեղի դերասանների և մասնագետների հետ, մի քանի դերերում ներգրավվում են հյուրընկալող երկրի դերասանները: Հայաստանից ներկայացման մեջ խաղացել են դերասան, պարող Կարեն Ճաղարյանը, արվեստաբան, ռեժիսոր Աշոտ Չտչյանը և դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ինչպես նաև՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցի սաներ Անգելինան և Վարազդատը:

Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվել է «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, մեկնարկել է հոկտեմբերի 17-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացմամբ (բեմադրող բալետմայստեր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Վինոգրադով)։

Փառատոնն այս տարի ուներ հատուկ ուղերձներ` #SaveCulture և #StopAggression։

Շեքսպիրյան փառատոնի ընթացքում միավորվել էին հասարակական-բարեգործական և մշակութային արժեքները։ Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործության։

Հյուրընկալվել են 10 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, միջազգային փառատոների տնօրեններ՝ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Երևանյան 11 բեմահարթակում ցուցադրվել է 19 ներկայացում 18 թատերախմբի մասնակցությամբ։ Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Սանկտ Պետերբուրգի պատանի հանդիսատեսի թատրոնի «Ձմեռային հեքիաթ» (Ռուսաստան) և IM Perfect թատերախմբի «Ռոմեո և Ջուլիետ» (Իտալիա) ներկայացումները։

Փառատոնը հյուրընկալվել է նաև Գյումրիում։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում ցուցադրվել է Նովոռոսիյսկի դրամատիկական թատրոնի (Ռուսաստան) «Լիր արքա» ներկայացումը։

Փառատոնի շրջանակում կայացել է նաև հատուկ ծրագիր՝ «FestOFF» խորագրով, որը նախատեսված է եղել ուսանողների և անկախ թատերախմբերի համար։

Փառատոնի օրերին կայացել են վարպետաց դասեր։ Երևանի Շեքսպիրյան փառատոնը ձեռք էր բերել բացառիկ համաձայնություն հայտնի թատերական ռեժիսոր, մանկավարժ, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր Յուրի Բուտուսովի (ՌԴ) և վրացի անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի հետ։ Սա աննախադեպ հնարավորություն էր շփվելու հռչակավոր ռեժիսորների հետ։

Փառատոնի նորություններն հասանելի էին https://www.tobe.am/ նորաստեղծ կայքի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս