«Դա այն գույքը չէր, որ թաքցնեի, 1991 թվականին այդ հողը ստացել եմ՝ որպես տնամերձ». Օձունի նախկին համայնքապետ
Լոռու մարզի Օձուն համայնքի նախկին ղեկավար Արսեն Տիտանյանը, ով ձերբակալվել էր օգոստոսի 4-ին՝ ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով, վստահեցնում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել տեխնիկական խնդրի պատճառով։
«Գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, չի ավարտվել, տեսնենք, թե ինչ ավարտ կունենա։
Ինձ ձերբակալեցին, այնուհետև բաց թողեցին՝ դատարանը կալանավորում չտվեց, բաց թողեցին։
Ընդամենը տեխնիկական խնդիր էր եղել, այդտեղ միտում չի էլ կարող լինել, քանի որ դա այն գույքը չէր, որ թաքցնեի։ 1991 թվականին ես այդ հողը պետությունից ստացել եմ՝ որպես տնամերձ հողամաս»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Արսեն Տիտանյանը՝ հույս հայտնելով, որ կհասնի արդարացման։
Միաժամանակ նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 25-ին Լոռվա մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից և Օձուն համայնքի խոշորացումից հետո այլևս չի զբաղեցնում համայնքապետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ Արսեն Տիտանյանը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել, այդ մարդկանց թվում եղել է նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, վերջինս հերքել էր, որ նման բան է եղել։
Միջադեպից մի քանի օր անց այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ երբեք չեն խրախուսում իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնություններ կատարելը։