Ուկրաինայի կառավարությունը արտաքսված ուկրաինացիների համար կտրամադրի հատուկ հավաստագիր
Ուկրաինայի կառավարությունը կտրամադրի հատուկ հավաստագիր, որով Ռուսաստան արտաքսված ուկրաինացիների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հայրենիք։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
«Ուկրաինացիները, որոնց արտաքսել են Ռուսաստան, կկարողանան ավելի հեշտ վերադառնալ հայրենիք։ Կառավարությունը նրանց կտրամադրի փաստաթուղթ-հավաստագիր ՝ Ուկրաինա վերադառնալու համար։ Այդ փաստաթուղթը կկարողանան ստանալ արտաքսված մարդկանց ընտանիքների անդամները պետական միգրացիոն ծառայությունում», – նշել է Շմիգալը:
Ըստ նրա՝ հավաստագրի ձևակերպումը կլինի անվճար և կիրականացվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի օգնենք յուրաքանչյուր ուկրաինացու տուն վերադառնալ», – հավելել է վարչապետը։