ՀՀ ԱԱԾ-ն խուսափում է կալանավորել կրկնակի հանցանք կատարած ՔՊ-ականին. Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2022-ի մայիսի վերջին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ԱԱԾ, ըստ որի՝ Ռուստամ Ավագյան անունով մի արարած մայիսի սկզբին հրապարակային կերպով սեռական բնույթի հայհոյանքներ ու ատելություն է հնչեցրել Արցախի հայերի, Արցախի պետական խորհրդանիշների և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց հասցեին։
Դա այն նույն սրիկան էր, որը հայտարարում էր, թե թող «մեր ու մանուկ թուրքի կողմից կոտորվեն, բայց Նիկոլը մնա վարչապետ»։
Փաստական ապացույցների հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Ռուստամ Ավագյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։
ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելուց հետո պարզվեց, որ նույն անձը 2020-ի նոյեմբերին կատարել է նույնատիպ հանցանք՝ կրկին ատելություն և հայհոյանք տարածելով Արցախի և այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հասցեին։ Նույն հոդվածով այդ անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես ամբաստանյալ, արդեն մոտ 2 տարի դատական գործընթաց է, և Ռուստամ Ավագյանը ազատության մեջ է չբացակայելու մասին ստորագրությամբ։ Datalex` գործ ԵԴ/0383/01/21 ։
Իրավական պրակտիկայով եթե նույն անձը նույն հոդվածով երկու անգամ նույնատիպ հանցանք է կատարում, ապա պարտադիր է կալանավորումը։ ՔՊ-ական Ռուստամ Ավագյանը, որը թեպետ հայտնի չէ քաղաքական գործընթացներում, բայց օգտագործվում է իշխանության կողմից ատելության կոչեր հնչեցնելու համար, փաստացի երկու անգամ ՀՀ ՔՕ 329 հոդվածով պատժվող հանցանք է կատարել։
Հարց՝ ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն շրջանցում օրենքի պահանջը և արդեն գրեթե 5 ամիս խուսափում կրկնակի հանցագործին կալանավորելուց։ Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն հովանավորում է քաղաքական կուսակցության անդամ հանցագործին։
Նշեմ, որ ՔՕ 329 հոդվածով նախատեսված հանցանքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով»։