«Ցեմենտի դեֆիցիտը կարող է լինել արհեստական. ինձ թվում է՝ վարույթ կհարուցենք». Գեղամ Գևորգյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իր համար անակնկալ էր արձանագրել, որ Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ կան։

«Սա նշանակում է, որ Հայաստանում այն ծավալի շինարարություն կա, որ շուկայում դեֆիցիտ է առաջացել, և մեր տեղի արտադրողներն ըստ էության չեն հասցնում շուկային մատակարարել: Դրա համար որոշում կայացրեցինք և հոկտեմբերի 10-ից ցեմենտի ներմուծման տուրքն իջեցրեցինք: Երևի կարող էինք այդ որոշումն ավելի շուտ կայացնել, բայց որոշակիորեն հապաղեցինք:

Հույս ունենք, որ դա դեֆիցիտի խնդիրը որոշակիորեն կլուծի, բայց մենք անընդհատ այդ ազդակները ստանում ենք, որ ցեմենտ ձեռք բերելու առումով խնդիր կա:  Սա մի կողմից՝ լավ է, որ շատ մեծ ծավալների շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից էլ՝ լավ չէ, որ դրա պատճառով կարող է շինարարությունը դանդաղել»,- ասաց Փաշինյանը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ ուսումնասիրելով ցեմենտի շուկան, մեկ այլ մտահոգություն ունեն, որ ցեմենտի դեֆիցիտը կարող է արհեստական պատճառներով ստեղծված լինի, որի պատճառով գների բարձրացում է տեղի ունեցել․

Կարդացեք նաև

«Իհարկե, դեռևս վարույթ հարուցված չի, բայց ինձ թվում է՝ կհարուցվի»։

Փաշինյան էլ իր հերթին՝ այսպես արձագանքեց․

«Դե հարուցե՛ք: Դա ընդհանուր գնահատականը չի փոխում, էդ նշանակում է՝ նրանք, ովքեր արհեստական ստեղծում են դա, վաճառքի պրոբլեմ չունեն, ընդհակառակը, ուզում են առիթից օգտվեն և ավելի մեծ շահույթ ստանան: Ձեր ասածն իմ ասածի տրամաբանությունը չի փոխում, բայց իհարկե, շատ ճիշտ է, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովն ուշադիր լինի։ Գերշահույթ ստանալու ախորժակները պետք է զսպվեն»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս