Ի՞նչ է կանխել Թեհրանը. ԻԻՀ ԱԳ նախարար Աբդոլլահիանն անկեղծացել է

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեքշաբթի օրը երեկոյան իրանական հեռուստաալիքներով հեռարձակված «Դիվանագիտության դաշտ» վավերագրական ֆիլմում, որը նվիրված էր 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության չպատմված պատմություններին, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ու Իրանի դերի մասին:

Նա մասնավորապես ասել է, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ «Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահիանը։

Աբդոլլահիանն ընդգծել է, որ Իրանը վարելու է իր քաղաքականությունը երկրի շահերին համահունչ՝ չեն անտեսելու ցանկացած կարողություն, որն ապահովում է ժողովրդի շահերը՝ լինի Արևմուտքում թե Արևելքում։ Նա տեղեկացրել է, որ Թեհրան-Մոսկվա համապարփակ համագործակցության համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ:

Աբդոլլահիանը նաև նշել է, որ Իրանը շարունակում է ջանքերը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ, սակայն Արևմուտքը շարունակում է պատերազմական զենք ուղարկել։

Անդրադառնալով Սիրիայում խաղաղության հաստատման նպատակով Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպմանը, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ դա ձեռքբերում է ԻԻՀ ժողովրդի համար։ Պատժամիջոցների վերացման բանակցությունների հետ կապված վերջին նորությունների մասին Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Բանակցություններում մեր նպատակը լավ և կայուն համաձայնության հասնելն է, և երբ վերադառնանք ՀԳՀԾ-ին, պետք է ունենանք էական մակարդակի երաշխիքներ ԱՄՆ-ի կողմից»։ Նա նաև նշել է, որ իրենք չեն հեռացել բանակցային սեղանից: Անդրադառնալով կառավարության արտաքին քաղաքականության կուլիսային կողմերին՝ ԻԻՀ ԱԳ նախարարը մատնանշել է Իրանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի շարժումները՝ օգտագործելով արաբական երկրների և տարածաշրջանի կառավարիչների թուլությունը:

Հայաստանի Հանրապետության համար հատկապես այս ծանր մարտահրավերային շրջափուլում, երբ ՀՀ իշխանությունները չեն կարողանում արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրներ լուծել, զսպել թուրք-ադրբեջանական օր օրի բացվող ախորժակը, կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության ոչ միայն ռեգիոնալ, այլև ավելի լայն քաղաքականությունը, քանի որ ԻԻՀ-ն հայ-իրանական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է հայտարարել:

Պարզ չէ, թե Հայաստանի համար ծանր սցենարների զարգացման դեպքում ԻԻՀ կարմիր գծերն ինչ գործողության կվերածվեն, սակայն Իրանը ներկայումս այն դաշնակիցն է, հայ-իրանական սահմանի գինն այնքան բարձր է Իրանի համար, որ հայ-իրանական կապերը, կարելի է ասել, որ ամենաքիչն են ազդվում աշխարհաքաղաքական ծանր զարգացումներից և ունեն կայունություն: Չնայած պետք է նաև նշել, որ Հայաստանի ակտիվացող շփումներն Արևմուտքի հետ անհանգստացնում են Իրանին, և այդ մասին արդեն իսկ եղել են հրապարակային ակնարկներ: Ուստի Աբդոլլահիանի ելույթն ուշագրավ է Հայաստանի համար և նեղ, և ավելի լայն կոնտեքստում: Իսկ ամենահետաքրքրականը, իհարկե, նրա խոսքն էր հայ-իրանական սահմանի և այն մասին, որ Իրանը թույլ չի տվել փակել հայ-իրանական սահմանը: ԻԻՀ ԱԳ նախարարն այս մասին խոսում է՝ որպես չեզոքացված սպառնալիք, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան վերջին օրերին ավելի ինտենսիվացրել են իրենց պահանջները, այսպես կոչված, միջանցքի հարցում:

Նշենք նաև, որ այս օրերին Իրանն Արաս ընդհանուր տարածքում սկսել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժություններ: Կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ հարևան երկրներին այս զորավարժության ուղերձը խաղաղությունն ու բարեկամությունն է և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերի և այլ զինված ուժերի պատրաստակամությունը՝ պաշտպանելու երկրի սահմանները և վճռական արձագանքելու ցանկացած սպառնալիքի:

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Իրանն անկախ իրավիճակից՝ այդ հայտարարությամբ փորձում է շեշտել Իրանի դերը Հարավային Կովկասում: Սակայն, ըստ նրա, սրան զուգահեռ՝ կան դիվանագիտական այլ հայտարարություններ, որոնցից պարզորոշ երևում է, որ վտանգներն այդ ուղղությամբ չեզոքացված չեն կամ գուցե կտեղափոխվեն այլ ճնշումների դաշտ:

«Ի վերջո, նաև տեղյակ չենք, թե սեպտեմբերյան մարտերից հետո, բացի իրանական հայտարարություններից, Իրանն ինչ աշխատանք է իրականացրել: Գուցե այլ բաներ ևս եղել են, որոնցից տեղյակ չենք, սակայն հարկ է նշել, որ Իրանի արձագանքը հստակ ու լսելի է եղել հնարավոր բոլոր ամբիոններից: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Իրանում թերևս դիտարկում են, որ եթե այս սպառնալիքները չչեզոքանան, և Իրանն իր ուժը ցույց չտա, ապա Իսրայելն է՛լ ավելի է ակտիվանալու ռեգիոնում, և այդ ակտիվության հիմնական թիրախը հենց Իրանն է: Այս ամենի հետ մեկտեղ՝ տեսնում ենք, որ Ադրբեջան-Իսրայել զենքի շուրջ համագործակցությունը շարունակվում է, Իրանը սա նկատում է և անընդհատ փորձում է Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը լիովին չկորցնել, պահել կոնտակտները և ակտիվ երկխոսությունը: Իրանը վերջին ամիսներին Հարավային Կովկասում ունի ավելի մեծ ազդեցություն, քան երկու-երեք տարի առաջ, սակայն Իրանը նաև իր ուժերը գերագնահատում է այստեղ, քանի որ ավելի ակտիվ քաղաքականություն տեսնում ենք Արևմուտքի կողմից»,- ասաց նա:

Սակայն, նրա խոսքով, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված չէ համաձայնագիրը, և քանի դեռ այդ հարցով կողմերի միջև բանավեճը շարունակվում է, նշանակում է՝ խնդիրը լուծված չէ:

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ սպառնալիքը հայ-իրանական սահմանի կորստի կարծես ավելի առարկայական փուլ էր մտել ամիսներ առաջ, երբ հոգևոր առաջնորդ Խամենեին խոսեց այդ մասին: Ըստ նրա, ամառվանից Իրանի դիվանագիտությունը բոլոր մակարդակներով աշխատել է այս ուղղությամբ և վստահաբար ունեցել է ազդեցություն իրավիճակի վրա:

«Եթե չլինեին այդ ջանքերը, իրավիճակն ավելի խոցելի կլիներ: Իրանի համար ևս այս փուլը մարտահրավերային է ներքին և արտաքին առումներով, քանի որ դադարեցվեցին Իրան-Արևմուտք միջուկային բանակցությունները, Արևմուտքը Իրանում այլ առաջնահերթություններ է սահմանել, Իրանը թիրախավորման նոր ալիքի տակ է Արևմուտքի կողմից և Իրանը պետք է ակտիվացնի իր դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, որոնցից մեկը ռուսականն է, նոր համաձայնագիր է կնքվելու Ռուսաստանի հետ:

Տեսնում եք, թե ինչպես են զարգացումները փոխվում, ամիսուկես առաջ կողմերը մոտ էին միջուկային համաձայնության, և կրկին գործընթացը տապալվեց և սկսվեց զարգացման ու Իրանի արտաքին քաղաքականության համար մի փոքր այլ փուլ: Այս ամենում հայկական ուղղությունը շարունակում է նույն տեղն ունենալ, ինչ նախկինում, ներկայումս գուցե ավելի, քանի որ խոսք է գնում ԵՄ դիտորդների մասին, Արևմուտքն ամեն կերպ փորձում է խորացնել իր ազդեցությունը, բնականաբար, Իրանն իր շահերին համապատասխան գործում է, որը ենթադրում է, որ Իրանն էլ իր հերթին սեփական անվտանգության ու ռեգիոնալ շահերի իրացման համար պետք է շարունակի ընդլայնել իր ազդեցությունը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս