Հայ ժողովրդի, հայկական պետականության դեմ գործում է «էրդողան, Փաշինյան, Ալիև» տրիադան. Լևոն Նազարյան
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպումը մեկնարկեց Էդգար Ղազարայանի դեմ հարձակումը դատապարտելու կոչով: Ըստ նրա՝ դա թուրքական ձեռագրով բռնություն է:
«Երբ բռնություն է գործադրվում է հանրային գործչի նկատմամբ, որն ակտիվ դիրքորոշում է հայտնում այս իշխանությունների վերաբերյալ, այդ հարվածն ուղղվում է ոչ միայն ազատ խոսքին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, այլ նաև՝ Հայաստանին և հայ ժողովրդին:
Եթե ընդդիմադիր գործչի նկատմամբ նման դեպք լիներ 10 տարի առաջ, պատկերացրեք՝ այն ժամանակ ընդդիմադիր նույն Նիկոլ Փաշինյանն ինչպիսի վայնասուն կբարձրացներ»,- շեշտեց ՀՀԿ-ական գործիչը:
Հիշեցնենք ՝ միջադեպից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն էր հայտնել այդ առնչությամբ:
«Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։
Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին»,- մասնավորապես նշված էր ՀՀԿ ԳՄ տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով արտաքին ու ներքին մարտահրավերներին՝ Լևոն Նազարյանը նկատեց.
«Այսօր ունենք իրավիճակ, երբ այս իշխանությունն իր կոտրած ձեռքով մեր գլխին, ժողովրդական լեզվով ասած, սև ղուշ է բաց թողել:
Մենք մի իրականության մեջ ենք, երբ հայ ժողովրդի, հայկական պետականության դեմ գործում է «Էրդողան, Փաշինյան, Ալիև» տրիադան: Այսինքն՝ մենք այսօր, որպես այդպիսին, զրկված ենք ոչ միայն ինքնիշխանությունից, մենք զրկված ենք ընդհանրապես իշխանությունից, որովհետև ՀՀ-ն 2018 թվականին օկուպացվել է ներսից. թշնամին կարողացել է իր ձեռքը վերցնել ՀՀ կառավարման բարձրագույն պաշտոնները»:
Որպես ասվածի ապացույց՝ ՀՀԿ-ական գործիչը հիշեցրեց, թե 2018 թվականին այլաբանորեն ինչ մեսիջներ էին ուղարկվում հանրությանը կամուֆլյաժի դրվագով, սպիտակ հագուստների մասին կոչով և բաց ձեռքերի հեղափոխության մասին հայտարարություններով: Նա հավելեց՝ սպիտակը հանձնվողի, կապիտուլյացիա ստորագրողի գույնն է, իսկ բաց ձեռքերի հեղափոխությամբ մեսիջ էր ուղարկվում, որ եկել են ՀՀ-ն կապիտուլյացիայի և հանձնման տանելու:
Լևոն Նազարյանն ուշադրություն հրավիրեց նաև Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ արված այն հայտարարության վրա, որով նա «Արևելյան Ադրբեջանի և Նախչիվանի միջև կապն ապահովելու» նպատակով առաջարկում էր անցակետեր բացել, և հատկապես «Արևելյան Ադրբեջան» եզրույթի վրա:
«Արդեն սեպտեմբերին՝ երկօրյա պատերազմից առաջ, Ադրբեջանը հայտարարել էր, որ գործում է «Զանգեզուրյան Հանրապետությունը», որի սահմանները իրենք հստակ ներկայացրել էին՝ Տավուշի սահմանամերձ հատվածները, Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածը, Սևանա լճի արևելյան ափը, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը: Այսինքն՝ այս մարդը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականությունը (էլ չեմ խոսում Արցախի մասին) և հանդես է գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին:
Այս խմբակի քաղաքական մեկնակետը ոչ թե ՀՀ անկախության հռչակագիրն է, այլ 1920 թվականի հունվարի 28-ին ընդունված Թուրքիայի ազգային ուխտը, որովհետև ակնհայտ թուրքական շահեր են պաշտպանում»,- պարզաբանեց ընդդիմադիր գործիչը:
Այս անվտանգային ռիսկերի համատեքստում ՀՀԿ խորհրդի անդամն անդրադարձավ նաև ՀՀ ոստիկանության կողմից հանրային քննարկման ներկայացված Կառավարության որոշման այն աղմկահարույց նախագծին, որով Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ: Ըստ նրա, եթե թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ՀՀ-ում ներդրվի 3 միլիարդ ԱՄՆ դոլար, հնարավոր կլինի մոտավորապես 20 հազար Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների տրամադրել ՀՀ քաղաքացիություն:
«Այսինքն՝ ՀՀ-ում մոտավորապես Աբովյան քաղաքի չափ թուրքեր և ադրբեջանցիներ կլինեն: Դրան ևս այս իշխանությունը պատրաստվել է, որովհետև մյուս ուսումնական տարվանից ՀՀ դպրոցներում անցնելու են թուրքերեն և ադրբեջաներեն, այսինքն՝ իրենք պատրաստվում են, որպեսզի ՀՀ այդ ապագա թուրքական բնակչությունը կարողանա ՀՀ դպրոցներում ստանալ կրթություն»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում